.jpg)
Արշակ Սրբազանը պատրաստ է այս ամենին. վերջում արդարադատությունը կհաղթի, բայց քանի դեռ չի հաղթել, ուրեմն վերջը չէ. փաստաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Վաչե Մարգարյանի, մերժել է կալանքի դեմ պաշտպանի բողոքը։
Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ Վաչե Մարգարյանի պարագայում ակնհայտ էր, որ նման որոշում է կայացվելու։
Փաստաբանը դեռ լուրը չի հայտնել Սրբազանին, բայց այնպես էլ չէ, որ Սրբազան Հայրն այլ որոշման էր սպասում։
«Արշակ Սրբազանն իրեն լավ է զգում, պատրաստ է այս ամենին, դեռ անձամբ չեմ ասել, բայց ինքը գիտեր, որովհետև արդեն ակնհայտ էր, թե ինչ է լինելու, ու այն պայմաններում, երբ քրեական հետապնդում հարուցելու որոշումը կարդում ես, հասկանում ես, որ քրեական արարք, հանցագործություն տեղի չի ունեցել»,- նշեց Բաբայանը։
Փաստաբանի խոսքով՝ իմաստ չունի խոսել այն մասին՝ արդյո՞ք այս ամենը տեղավորվում է իրավաբանության մեջ։
«Իրավաբանությունն ու քաղաքական հետապնդումների պրոցեսներն իրար հետ որևէ առնչություն չունեն»,- ընդգծեց նա։
Արշակ Սրբազանի փաստաբանը վստահ է՝ վերջում արդարադատությունը կհաղթի, բայց քանի դեռ չի հաղթել, ուրեմն վերջը չէ։
«Այս ամենը հավերժ տևել չի կարող, բայց վստահ եմ, որ այս իշխանության օրոք արդարադատությունը հաղթելու շանսեր չունի»,- հավելեց Բաբայանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին կալանավորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։
Սրբազան Հորը կալանավորելու որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը։
Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։
Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Aysor.am-ին ասել էին ՔԿ-ից։
Սրբազան Հոր տեսակցությունները սահմանափակված են. միայն մերձավոր ազգականների և փաստաբանի հետ է թույլ տրված տեսակցություն։