.png)
Ամերիկյան տվյալներով՝ Իրանում ցույցերի մեկնարկից ի վեր զոհվել է առնվազն 544, ձերբակալվել՝ ավելի քան 10,600 մարդ
Իրանում արդեն երրորդ շաբաթն է՝ շարունակվում են համազգային հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են լուրջ զոհերով և միջազգային լարվածության աճով։
CNN-ը վկայակոչելով ԱՄՆ-ում գործող HRANA մարդու իրավունքների կազմակերպությանը՝ նշում է, որ Իրանում ցույցերի մեկնարկից ի վեր՝ զոհվել է առնվազն 544 մարդ, ձերբակալվել՝ ավելի քան 10,600 մարդ։
Իրանում ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այդ օրը Թեհրանի խանութպանները փակել էին իրենց բիզնեսները՝ ի նշան տնտեսական վատթարացող իրավիճակի դեմ բողոքի։ Ավելի ուշ բողոքի ակցիաներին միացել են նաև այլ խոշոր քաղաքների բնակիչներ։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանը «կապ է հաստատել բանակցությունների համար», մինչ Վաշինգտոնը քննարկում է Իրանում հնարավոր ռազմական միջամտության տարբերակները։ Ի պատասխան՝ Իրանի խորհրդարանի նախագահը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական ներգրավվածության դեպքում ամերիկյան ռազմական և առևտրային բազաները կդառնան պատասխան հարվածների թիրախ։