.jpg)
Իրանում ցույցերի թափը նվազել է. առանց արտաքին կոշտ միջամտության անհնար կլինի իշխանության տապալումը. Արա Պողոսյան
Ռիալի արժեզրկման ու գնաճի դեմ զանգվածային ցույցերն Իրանում շարունակվում են։
Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով՝ ցույցերի այն թափը, որը կար մի քանի օրերի ընթացքում, նվազել է։
«Այս պահին զուտ ներիրանական ուժերով կատարել իշխանության տապալում, ակնհայտ է դառնում, որ քիչ հավանական է, եթե տեղի չունենա արտաքին լուրջ և կոշտ միջամտություն։ Բացի այդ, իրանական իշխանություններն իրենց կողմից բացի ուժային գործողություններից, նաև ցուցադրում են հանրային համերաշխություն։ Այսօր արդեն սկսվել են բազմամիլիոնանոց ցույցեր՝ հաջակցություն իշխանությունների և իսլամական հեղափոխության։ Սա նաև ուժի ցուցադրություն է՝ հանրային լայն կոնսոլիդացիա կազմակերպելու իմաստով»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը։
Ըստ նրա, ենթադրվում է, որ հաջորդող օրերին անկարգությունների կազմակերպիչների մեկուսացման պայմաններում, ցույցերի նախկին թափն այլևս չենք տեսնի. «Կարծում եմ, որ գոնե այս փուլում իրանական իշխանությունները կկարողանան պահել իշխանությունը և վերահսկողություն սահմանել երկրի ամբողջ տարածքում։ Այլ հարց է, թե արտաքին միջամտությունն ինչպիսին կլինի, իսկ այն, որ դա կլինի, արդեն երևում է հատկապես ԱՄՆ նախագահի հայտարարություններից, որ լայնորեն քննարկվում է Իրանին հարվածելու հարցը։ Ավելին՝ նախագահը Թրամփը նույնիսկ հայտարարեց, որ եթե Իրանի կողմից ամերիկյան հարվածներին պատասխան լինի, ապա ԱՄՆ-ն ավելի կոշտ արձագանք կտա դրան՝ հարվածելով Իրանի կարևորագույն օբյեկտներին»։
Ըստ մասնագետի՝ սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն և, ընդհանրապես, արտաքին այն աջակցությունը, որն ունեին անկարգությունների կազմակերպիչները, կորցնելով ներսում ռեժիմի տապալման հնարավորությունը, այժմ փորձում են ռազմական կոշտ գործողությունների միջոցով ինչ-որ բան փոխել. «Սակայն, հաշվի առնելով Իրանի առանձնահատկությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ հոգևոր, բավականին դժվար կլինի արտաքին միջամտությամբ իշխանափոխության հասնելը՝ ներքին ռեսուրսներն օգտագործելով։ Այս ամենից ակնհայտ է, որ իրանական մշակութային, քաղաքական առանձնահատկությունները որոշակիորեն դիմադրողունակ են դեռևս»։
Քաղաքագետի խոսքով՝ այս ամենն Իրանի նկատմամբ սկսվեց սանկցիաներից, որոնք բավականին կոշտ ու չոր են. «Դրանք տնտեսությանը բավականին լուրջ հարվածներ են հասցնում, իրանական ռիալի արժեզրկումը դոլարի նկատմամբ բավականին լուրջ հարված հասցրեց հատկապես գործարար շրջանակներին։ Իրանում այսպիսի պատկերացում կա, որ իրանական շուկան է թելադրում իրանական քաղաքականությունը։ Իրանական շուկային հասցված հարվածը բավականին լուրջ էր և սա էր, որ փողոց դուրս բերեց այն մարդկանց, որոնք բողոքում էին ռիալի արժեզրկման դեմ՝ կառավարությունից պահանջելով ռեֆորմներ։ Թեպետ իշխանությունները փորձեցին ինչ-որ կերպ զսպել դա, բայց դա անհնար էր արդեն։ Ավելին՝ իշխանությունները ճանաչեցին ժողովրդի բողոքի իրավունքը, արձագանքեցին, որ իրենք այս հարցում իսկապես վատ քաղաքականություն են վարել։ Սակայն այլ հարց է, որ այս պատրվակն օգտագործվեց արտաքին ուժերի կողմից, որպեսզի ներքին խժդժություններ առաջացնեն երկրում»։
Խոսելով այս ամենում հայկական համայնքի ներգրավվածության մասին՝ Պողոսյանը նշեց. «Ի բարեբախտություն մեզ՝ հայկական համայնքը մեծամասամբ, ընդ որում տարբեր երկրներում, մշտապես պահպանել է չեզոքություն և լոյալություն իշխանություններին։ Յուրաքանչյուր համայնքի համար, հատկապես համայնքի համար, սա կարևորագույն քաղաքական գիծ է, որը մեզ մշտապես հնարավորություն է տվել ցանկացած երկրում ունենալ որոշակի առավելություններ։ Իրանն այս հարցում ևս բացառություն չէ։ Իմ տեղեկություններն այն մասին են, որ հայկական համայնքը ունի չեզոքություն, առանձին դեպքեր, իհարկե, կան երբ կարող են ազգությամբ հայեր մասնակցել ցույցերին, բայց լայն իմաստով՝ մեր համայնքը բավականին հաշվենկատ դիրքորոշում ունի այս հարցում»։