Բարձր գները բացասաբար են ազդում տուրիզմի զարգացման վրա․ Փորձագետ
13/01/2026 23:45

Բարձր գները բացասաբար են ազդում տուրիզմի զարգացման վրա․ Փորձագետ

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝  2025 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 933 զբոսաշրջիկ, 9 785-ով ավելի, քան նախորդ տարի։

Aysor.am-ի հետ զրույցում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը ասում է՝ թվերը առանձնապես հուսադրող չեն։

«Եթե նայենք Հայաստանի Հանրապետություն տուրիզմի հոսքը վերջին տարիներին, ապա 2012-2019 թվականներին տուրիզմը տարեցտարի կայուն աճ է ապրել՝ մոտավորապես 10 %-ով: 2019-ին Հայաստանի Հանրապետություն որպես տուրիստ մոտ 1,9 միլիոն մարդ  է եկել։  2020 թվականին  թիվը նվազեց մինչև 360,000՝ COVID-19 համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով։ Վերականգնումը սկսվեց 2021 թվականին, իսկ պիկը եղավ 2023-ին՝ կազմելով 2,3 միլիոն մարդ։ Սա հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանի Դաշնությունից մեծ թվով մարդկանց հոսքով։  Երբ դիտարկում ենք 2024 թվականի ցուցանիշները,  արդեն նկատվում է անկում՝ մինչև 2,2 միլիոն մարդ, ինչը 2023 թվականի համեմատ մոտ 5%-ով պակաս է»,-ասում է Թավադյանը։

Փորձագետի խոսքով՝ եթե համեմատենք 2024-ը 2025 թվականի հետ, ապա կտեսնենք, որ տուրիստների ներհոսքը մեկ  տոկոսով աճել է, սակայն անհամեմատելի է 2023 թվականի կամ մինչև 2019 թվականն արձանագրված տարեկան մոտ 10%-անոց աճի հետ.

«Եթե դիտենք զուտ տուրիստների ներհոսքը՝ այսինքն՝ ինչքան մարդ է ժամանել և ինչքան մարդ է հեռացել Հայաստանի Հանրապետությունից, ապա պատկերը այլ է. այս պարագայում ոչ թե ունենք  աճ, այլ  հակառակը՝ որոշակի անկում։ 2025 թվականին  տուրիստների ներհոսքը նվազել է մոտավորապես 4 %-ով, այսինքն՝ արտագնա և ներգնա մարդկանց հարաբերակցությամբ»։

Տուրիզմը շատ կարևոր է մեր ապրանքային հաշվեկշռի համար, քանի որ մեծ գումարներ են մտնում երկրի տնտեսություն։ Օրինակ, 2023 թ․-ին միայն տուրիզմից Հայաստան է եկել մոտ 1 միլիարդ դոլար, հավելում է Թավադյանը։

Նրա խոսքով՝ տուրիզմի զարգացման վրա բացասաբար են ազդում  նաև բարձր գները։

«Հայաստանում վերջին շրջանում գները շեշտակի աճել են, և տարածաշրջանում Երևանը դարձել է ամենաթանկ ուղղություններից մեկը։ Սա պայմանավորված է նաև տատանվող փոխարժեքի քաղաքականությամբ։  Օրինակ, եթե նախկինում տուրիստը  գալիս էր 1000 ռուբլիով և այն մանրելով՝ ստանում էր  6000 դրամ, ապա նույն ռուբլին այժմ մանրելով՝ ստանում է 4500 դրամ։  Ներքին գների աճը, հատկապես սպասարկման ոլորտում, նույնպես զգալի է»,- շեշտում է Թավադյանը։

Որպես իրավիճակի լուծում՝ փորձագետը տեսնում է հիմնարար, խորքային քաղաքականություն վարելը՝  Հայաստանի նկատմամբ  տուրիստների վստահությունը ձեռք բերելու  համար։

«Կարևոր է հասկանալ նաև մեր շուկան․ տուրիստների 65-70 %-ը մտնում են «Զվարթնոց» օդանավակայանով և մոտ 70 %-ը՝ Ռուսաստանից։ Հետևաբար, անհրաժեշտ է զարգացնել սպասարկումը և, հնարավորության դեպքում, ներգրավել տուրիստներ նաև եվրոպական երկրներից».-ասում է նա։

 

Բարձր գները բացասաբար են ազդում տուրիզմի զարգացման վրա․ Փորձագետ