.jpg)
Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար. ՀՀ-ում Իրանի դեսպան
ՀՀ-ում Իրանի դեսպան դեսպան Խալիլ Շիրղոլամինի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»։
«Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է տրվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով»,-նշեց նա՝ անդրադառնալով ՀՀ-ում Իրանի դեսպանատան մոտ ցույցերին:
«Արդեն վեց օր շարունակ՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն, Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հակառակ նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- ընդգծեց դեսպանը:
Նա նաև հայտնեց, որ իրենց մտահոգություները բազմիցս փոխանցել են Հայաստանի պատկան մարմիններին։
Ըստ իրանցի դիվանագետի՝ նման ակցիաները հաջողելու դեպքում պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը։
Հիշեցնենք, որ Երևանում Իրանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ընթացքում Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կողմնակիցները հանդես են եկել երկրի ներկայիս իշխանությունների դեմ: