Ստեփան Ասատրյանը չի հանձնի Մայր Աթոռի տրամադրած բնակարանի բանալիները, ասում է՝ Մկրտիչ Սրբազանի հետ կա համաձայնություն, որ ամռանն ազատի տունը
15/01/2026 16:57

Ստեփան Ասատրյանը չի հանձնի Մայր Աթոռի տրամադրած բնակարանի բանալիները, ասում է՝ Մկրտիչ Սրբազանի հետ կա համաձայնություն, որ ամռանն ազատի տունը

Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։ Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել։

Aysor.am-ի հետ զրույցում Ասատրյանն ասաց, որ ինքը և՛ բանավոր, և՛ գրավոր համաձայնություն ունի տունն ամռանը վերադարձնելու մասով։

Նա նշեց, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսոկոպոս Պռոշյանի հետ է ձեռք բերվել այդ պայմանավորվածությունը։

Կարգալույծ հոգևորականից հետաքրքրվեցինք՝ իսկ ամռանը հաստա՞տ կվերադարձնի բանալիները՝ արձագանքեց. «Բա ի՞նչ պետք է անեմ»։

«Մնում եմ՝ ի՞նչ անեմ, մի նենց էլ լավ պայմաններ լինեն, դուք էլ չեք կարող ապրել այստեղ»,- ասաց նա։

«Բա որ պայմանները վատն են՝ ինչո՞ւ այսքան ժամանակ դուրս չեք եկել»,- հետաքրքրվեցինք Ստեփան Ասատրյանից։

«Դե, ապրել եմ, ավելի լավ տեղ չունեի»,- արձագանքեց նա։

Այս պահին էլ Ասատրյանը շարունակում է այդ բնակարանում ապրել։

Հիշեցնենք՝ փաստաբան Արա Զոհրաբյանը, ով Մայր Աթոռի ներկայացուցիչն է, Aysor.am-ի հետ զրույցում ասել էր՝ եթե Ստեփան Ասատրյանը բանալիները չվերադարձնի՝ իրավական գործընթաց կսկսեն։

Հեղինակ`Անի Վարդանյան
Ստեփան Ասատրյանը չի հանձնի Մայր Աթոռի տրամադրած բնակարանի բանալիները, ասում է՝ Մկրտիչ Սրբազանի հետ կա համաձայնություն, որ ամռանն ազատի տունը