Կասկածում եմ, որ պարգևավճար ստացած իշխանավորներն իրենց աշխատավարձն անգամ լիարժեք վաստակում են․ Տնտեսագետ
15/01/2026 21:07

Կասկածում եմ, որ պարգևավճար ստացած իշխանավորներն իրենց աշխատավարձն անգամ լիարժեք վաստակում են․ Տնտեսագետ

Նիկոլ Փաշինյանը 2025 թվականին ստացել է մոտ 12 միլիոն դրամ պարգևավճար, շուրջ 3 միլիարդ դրամ էլ ստացել են պաշտոնյաները։ Փաշինյանի հիմնավորումն է, թե ներդրվել է վարձատրության նոր ինստիտուտ, որպեսզի կառավարության գործունեությունն առավել արդյունավետ դառնա։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Aysor.am-ի հետ զրույցում հիշեցնում է, որ 2014 թվականին Ազգային ժողովում ընդունվել է օրենք, որով կանոնակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը և դրանց բարձրացումները.

«Այդ օրենքով ստեղծվեց իրավիճակ, ըստ որի աշխատավարձերի բարձրացման դեպքում առաջին հերթին պետք է բարձրանան  նպաստներն ու կենսաթոշակները, հետո՝ նվազագույն աշխատավարձերը։  Աղքատության այնպիսի բարձր մակարդակ ունեցող երկրում, ինչպիսին է  Հայաստանի Հանրապետությունը, չի կարելի թույլ տալ անհամաչափություն. պարգևավճարները կարող են և պետք է կիրառվեն, սակայն միայն բացառիկ դեպքերում՝ արդյունավետ աշխատանքը խթանելու և հատկապես հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կատարված աշխատանքը գնահատելու նպատակով։

Ես, անկեղծ ասած, վերապահումներ ունեմ, անորոշություններ կան այն անձանց աշխատանքի գնահատման հարցում, ովքեր աշխատավարձին կից՝ հավակնում են նաև հավելավճարների։ Նախևառաջ կասկածներ ունեմ, որ նրանք իրենց ստացած աշխատավարձը լիարժեք վաստակում են, և դրանից բացի,  դեռ ակնկալում են պարգևավճարներ։ Եթե որևէ մեկը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ներկայացնի հիմնավորումներ առ այն, թե ինչու և հատկապես որ պաշտոնյային է տրամադրվում պարգևավճար, ապա գուցե ընդունելի լինի։ Ընդ որում, յուրաքանչյուր պաշտոնյայի համար առանձին հիմնավորում պետք է լինի։ Արդյունավետ աշխատող մարդիկ պետք է քաջալերվեն,  և նյութական քաջալերումից բացի, կան նաև բարոյական խթաններ, որոնք, ցավոք, մոռացության են մատնվել»։

Պարգևատրումների հիմնավորում Թաթուլ Մանասերյանը չի տեսնում ո՛չ որպես որպես տնտեսագետ,  ո՛չ  որպես քաղաքացի։ Իշխանության կողմից հաճախ մեջբերվող միջազգային փորձն էլ բացարձակ տեղին չէ, ըստ տնտեսագետի, քանի որ միջազգային փորձը  հստակ է՝ եթե կան մարդիկ, ովքեր չեն վաստակում իրենց աշխատավարձը, ապա նրանց պարզապես ազատում են աշխատանքից։

«Հայաստանում, ընդհակառակը, նման մարդկանց հաճախ քաջալերում են։ Եթե վերցնենք օրենսդիր մարմինը, ակնհայտ է, որ այն ցածր արդյունավետությամբ է աշխատում։  Գաղտնիք չէ, որ օրենսդրական նախաձեռնությունների գերակշիռ մասը ներկայացվում է կառավարությունից, իսկ կառավարության ներսում օրենսդրական նախագծեր մշակող մարդկանց թիվը մեկ տասնյակից չի անցնում։ Նրանք տարիներ շարունակ նույն գործով զբաղվող մարդիկ են, ովքեր կարողանում են օրենքի նախագիծ գրել և համապատասխան փաստաթղթեր պատրաստել։ Ուստի միջազգային փորձին հղում անելուց առաջ լավ կլինի գոնե միջազգային փորձի նվազագույն շեմը կարողանալ բավարարել»-ընդգծում է Թաթուլ Մանասերյանը։

 

 

Կասկածում եմ, որ պարգևավճար ստացած իշխանավորներն իրենց աշխատավարձն անգամ լիարժեք վաստակում են․ Տնտեսագետ