Ալիջան սահմանային անցակետի վերաբացումը շրջադարձային կլինի. Թունչդեմիր
16/01/2026 12:59

Ալիջան սահմանային անցակետի վերաբացումը շրջադարձային կլինի. Թունչդեմիր

Վանա լճի ավազանի զբոսաշրջային ասոցիացիայի (VAHATUDER) նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա նշել է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև վերջին ամիսներին սկսված կարգավորման քայլերն ուղիղ ազդել են բազմաթիվ ոլորտների վրա:

Նրա կարծիքով, երկու երկրների միջև երկար տարիներ փակ եղած սահմանային անցակետերի վերաբացումը, թե՛ տնտեսական, և թե՛ սոցիալական առումով շրջադարձային կետ կլինի։ Հավելել է, որ տեղի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներն այդ զարգացումը մեծ հույսով են ընդունում։

Թունչդեմիրի խոսքով, կարգավորման գործընթացի շրջանակներում առաջին կոնկրետ քայլերն արդեն արվել են: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև չվերթերի վերսկսումը կարևոր զարգացում է զբոսաշրջության տեսանկյունից։ Այնուհետև նշել է, որ վիզային գործընթացների պարզեցումը ուրախացրել է ոլորտի ներկայացուցիչներին։

Նրա փոխանցմամբ, այդ անցակետը ոչ միայն կաշխուժացնի Թուրքիայի և Հայաստանի միջև առևտուրը, այլ նաև տարածաշրջանային զբոսաշրջությունը։ Նա նաև նշել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Ալիջան և Մարգարա սահմանային անցակետերիի միջև նախապատրաստական աշխատանքներ են տարվում և դրանց մեծ մասն ավարտվել են։

Թունչդեմիրը նշել է, որ Ալիջան սահմանային անցակետում կառուցվում են մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքեր: Նրա խոսքով, ենթակառուցվածքային աշխատանքներն ինտենսիվ տեմպով առաջ են մղվում: Իրականացվում են գովազդային արշավներ, որպեսզի Հայաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկները կարողանան ավելի լավ ճանաչել տեղի քաղաքները: Նրա կարծիքով, Վանը, Իգդիրը, Աղրըն և հարակից նահանգները զգալի օգուտներ կունենան այս գործընթացից։

«33 տարի անց Ալիջանի սահմանային անցակետի վերաբացումը զգալի դյուրացումներ կապահովի երկու երկրների քաղաքացիների համար։ Մասնավորապես, կաճի մշակութային, առևտրային և զբոսաշրջային փոխազդեցությունը։ Վանա լճի ավազանը, իր պատմական և բնական հարստություններով, կդառնա գրավիչ վայր Հայաստանից եկող զբոսաշրջիկների համար»,- նշել է նա։

Նա հույս է հայտնել, որ կարգավորման գործընթացը կլինի մնայուն և տևական, նշելով, որ ձեռնարկված յուրաքանչյուր դրական քայլ նպաստում է տարածաշրջանային տնտեսությանը և խաղաղության մթնոլորտին:

Աղբյուր՝ Vansesigazetesi.com

Ալիջան սահմանային անցակետի վերաբացումը շրջադարձային կլինի. Թունչդեմիր