.png)
«3-4 ոստիկան հարձակվել են, բիրտ ուժ կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել». Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է՝ 14 տարեկան արցախցի երեխայի են խոշտանգել
Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է, որ 14 տարեկան արցախցի երեխայի են խոշտանգել.
«Շատ զազրելի երևույթ է տեղի ունեցել 14-տարեկան արցախցի երեխայի նկատմամբ։ 14-տարեկան երեխան կասկածվել է ինչ-որ հանցագործության կատարման մեջ (հետագայում պարզվել է, այդ արարքը հանցագործություն չէ)։ Երբ շքամուտքից դուրս գալիս է եղել, 3 - 4 ոստիկաններ հարձակվել են նրա վրա, բիրտ ուժ կիրառելով, սպառնալիքներով, հայհոյելով, այդ թվում՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով՝ տեղափոխել են ոստիկանության բաժանմունք»։
Ռոման Երիցյանի խոսքով՝ ոստիկանության բաժանմունքում երեխան գտնվել է առանց հոգեբանի, քանի որ վերջինս ժամանել է զգալի ուշացում, իսկ ծնողը տեղի ունեցածի մասին տեղեկացվել է միայն երկու-երեք ժամ անց։ Փաստաբանն ասում է, որ չնայած հետագայում երեխան ազատ է արձակվել, սակայն գտնվում է խիստ լարված վիճակում և ունի հոգեբանական օգնության կարիք։
Ռոման Երիցյանը ներկայացրել է անչափահասների իրավունքների կոպիտ խախտման այլ դեպքեր ևս և հավելել․
«Հորդորում եմ ոստիկանության ծառայողներին և աշխատակիցներին՝ գոնե երեխաների հետ կապված հարցերում ցուցաբերել բարեխիղճ վերաբերմունք։ Եվ խոսքը արցախցի լինել-չլինելու մասին չէ, այլ երեխաների իրավունքների պաշտպանության մասին է»։