.jpg)
Եթե չեք հասցրել ստանալ ID քարտ, գործատուին հերթագրման քաղվածքը ներկայացրեք․ Փաստաբան
Համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կարող են կնքվել բացառապես էլեկտրոնային տարբերակով, ուստի էլեկտրոնային ստորագրություն ունենալն այսուհետ կլինի պարտադիր պայման։
էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար անհրաժեշտ է նույնականացման ID քարտ, և քանի որ նախկինում այն ունենալը պարտադիր չէր, և կենսաչափական անձնագրով հնարավոր էր ցանկացած գործարք կատարել, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ID քարտ ստանալու համար, ինչի պատճառով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային կենտրոններում հերթեր են գոյացել։
Aysor.am-ի հետ զրույցում փաստաբան Մարինե Ֆարմանյանը խնդրով անհանգստացած քաղաքացիներին խորհուրդ է տալիս նախապես էլեկտրոնային եղանակով գրանցվել, հերթագրվել նույնականացման քարտ ստանալու համար, ապա ստացած հերթագրման քաղվածքը ներկայացնել գործատուին:
«Անհանգստությունը, իհարկե, օրինաչափ է, սակայն կարծում եմ՝ այդ քաղվածքը բավարար կլինի որպես ապացույց, որ նրանք դիմել են քարտ ստանալու համար: Հետևաբար, անգամ եթե քարտը տրամադրվի ուշացած, ապա աշխատողը չպետք է խնդիրներ ունենա աշխատավայրում, քանի որ խոչընդոտը ստեղծվել է պետական մարմնի կողմից, ոչ նրա մեղքով, ուստի գործատուն պետք է հնարավորություն տա էլեկտրոնային ստորագրությունը ներկայացնել նույնականացման քարտը ստանալուց հետո։ Եթե գործատուները չընդառաջեն, կարծում եմ, պետք կլինի գերատեսչական մարմինների միջամտությունը, բայց չեմ կարծում, որ մարդկանց կգցեն նման քաոսի մեջ, քանի որ ստեղծված հերթերն հենց իրենց պատճառով են»։