Իշխանությունները խաթարել են նաև ներդրումների հնարավորությունը․ Հայկ Ֆարմանյան
17/01/2026 22:20

Իշխանությունները խաթարել են նաև ներդրումների հնարավորությունը․ Հայկ Ֆարմանյան

Օրերս Նիկոլ Փաշինյանն իշխանական պաշտոնյաների ստացած ահռելի պարգևավճարները հիմնավորել էր՝ ասելով, թե շուտով «Հայաստանի Հանրապետություն հոսելու են մեծ ներդրումներ», ուստի պաշտոնյաներին խրախուսելու միջոցով պետք է կանխել կոռուպցիոն ռիսկերը։

Տնտեսագետ, «Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը  Aysor.am-ի հետ զրույցում հակադարձում է Փաշինյանին․

«Որպես կանոն՝ օտարերկրյա ներդրումներ հոսում են հարուստ երկրներ, այնպիսի երկրներ, որտեղ  կա մեծ շուկա,  շահույթ ստանալու ավելի լավ պայմաններ, պաշտպանված է սեփականության իրավունքը, և գլխավորը՝ չկա պատերազմի վտանգ։ Իսկ ի՞նչ ունենք մենք․ ազգային բարերար Սամվել Կարապետյանից խլում են ՀԷՑ-ը, չկա վերջնական խաղաղության պայմանագիր, ունենք ընդամենը 2 միլիոնանոց շուկա, հետևաբար ասել, որ Հայաստանում կարող են օտարերկրյա մեծ ներդրումներ լինել, այնքան էլ ճիշտ չէ»։

Ըստ տնտեսագետի, Հայաստանի պես երկրները հույսը կարող են գերազանցապես դնել ներքին ներդրումների վրա։

«Ներքին ներդրումներ իրականացնողները մեր հայրենակիցներն են, ազգային բարերարները,  նրանք էմոցիոնալ ներդրողներ են, ովքեր նույնիսկ շահույթ չակնկալելով՝ մեր հայրենիքում ներդրումներ են իրականացնում։ Ցավոք սրտի, իշխանությունները խաթարել են նաև ներքին ներդրումների հնարավորությունը, և մեր հայրենակից ցանկացած նորմալ, ադեկվատ ներդրող, տեսնելով, թե ինչ է կատարվում ազգային բարերարի շուրջ, կարծում եմ, կխուսափի ներդրումներ իրականացնել։ Եվ սա ճիշտ մոտեցում չէ»-ասել է Հայկ Ֆարմանյանը։ 

Անդրադառնալով իշխանականների տարեվերջյան պարգևավճարներին՝ տնտեսագետը նշել է, որ աղքատության նման ցուցանիշ ունեցող երկրում այդքան մեծ գումար շռայլելը նման է հասարակության հանդեպ ծաղրի։ 

«Ի՞նչ է նշանակում պարգևավճար, այսինքն՝ ով ինչքան ուզի, տան։ Կարծում եմ՝ ուշ, թե շուտ Հայաստանը պետք է վերանայի այս համակարգը։ Այս համատեքստում  պատահական չէր, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ մեր հաղթանակի դեպքում ապագա վարչապետը ստանալու է 1 դրամ և ոչ մի դեպքում՝ հսկայական պարգևավճար։ Հայաստանը այս պահին այն վիճակում չէ, որ որևէ մեկն իրեն թույլ տա 7 միլիոն դրամ պարգևավճար ստանալ։ Ունենք աղքատության բարձր ցուցանիշ, գործազրկություն, կենսաթոշակառուներ, ովքեր նույնիսկ իրենց  ջեռուցման գումարը չեն կարողանում վճարել։ Իսկ վարչապետն ասում է, որ նույնիսկ 20 000 դրամ ավելացնելը որևէ բան չի փոխելու այն դեպքում, երբ մարդկանց համար նույնիսկ 1000 դրամը նշանակություն ունի։ Ուստի  հսկայական պարգևավճարներ բաժանելով՝ կառավարությունը մեծ  վնաս է հասցնում երկրի տնտեսությանը։ Արդարացնում են, իբր կանխարգելում են կոռուպցիան, մինչդեռ պետական բազմաթիվ պաշտոնյաներ ունեն բիզնեսներ,  տենդերներում իրենք են հաղթում, միակողմանի գնումներ են իրականացնում. դա՛ է  իրական կոռուպցիան՝ շահերի բախումը»,-ասել է Հայկ Ֆարմանյանը։

Դիտարկմանը, որ Դավոսի տնտեսական համաժողովը նոր տնտեսական կապեր հաստատելու հնարավորություններ է տալիս, բայց Փաշինյանը որոշել է չգնալ, Ֆարմանյանն արձագանքել է․

«Դավոսը հարթակ է, որտեղ, բացի տնտեսական հարցեր քննարկելուց, նաև քաղաքական բնույթի հարցադրումներ են տալիս, ու շատ հաճախ գործընթացը անկառավարելի է։  Քանի որ  Փաշինյանը թույլ դիրքերից է հանդես գալիս, եթե Ալիևը ներկա լիներ, կարող էին հնչել անհարմար հարցեր, որոնք ներքին լսարանի համար այդքան էլ ձեռնտու չեն։ Այս պարագայում նրա օրակարգը ավելի շատ կառուցված է ներքին լսարանի շուրջ, քան այնպիսի միջավայրի, որտեղ կարող են տալ անհարմար հարցեր։ Կարծում եմ՝ սա հիմնական պատճառներից մեկն է, և ինչո՞ւ ոչ, նաև տարեվերջյան պարգևավճարների ֆոնը։  Հնարավոր է՝ չի ուզում  թիրախավորվել։

Դավոս  գնա-չգնալը տնտեսական առումով ոչինչ չի փոխելու, իսկ քաղաքական առումով անհարմար հարցերից խուսափելու տարբերակ է, քանի որ ունենք թույլ իշխանություն։

Ի վերջո, Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ իշխանություն, և շատ մոտ ապագայում հույս ունեմ, որ մենք կունենանք այդ ուժեղ իշխանությունը»։

 

Իշխանությունները խաթարել են նաև ներդրումների հնարավորությունը․ Հայկ Ֆարմանյան