.jpg)
Արդեն տանն եմ, խուզարկությունը շարունակում են․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը քիչ առաջ հայտնել էր, որ քննչական մարմինները մուտք են գործել իր բնակարան և առանց իր ներկայության խուզարկություն են իրականացնում։
Aysor.am-ը Դեմոյանից հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում այս պահին։
«Ես արդեն տանն եմ, խուզարկության աշխատանքները սկսվել են իմ բացակայությամբ, բայց արդեն ծանոթացել եմ ընթացքին, այս պահին աշխատանքները շարունակվում են։ Եթե անհրաժեշտություն լինի, ավարտից հետո կտեղեկացնեմ մանրամասների մասին»,-ասել է Դեմոյանը։
Հարցին, թե ինչ գործի շրջանակում է տեղի ունենում խուզարկությունը և արդյոք կապ ունի՞ Արայիկ Հարությունյանի այն հայտարարության հետ, որ պատրաստվում է դատի տալ իրեն, Դեմոյանը պատասխանեց․
«Ամենայն հավանականությամբ, մամուլի ասուլիս կլինի և բոլոր հարցերին կանդրադառնամ»։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Միայն կարող եմ ասել, որ քրեական վարույթի շրջանակում իրականացվում են քննչական գործողություններ»։
Հիշեցնենք, որ օրերս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Դեմոյանի վերաբերյալ գրառում էր կատարել՝ հայտնելով, որ առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով։