Գործող կարգավորումների պատճառով այլևս չենք կարողանում անվճար օգնել քաղաքացիներին․ Փաստաբան
20/01/2026 19:58

Գործող կարգավորումների պատճառով այլևս չենք կարողանում անվճար օգնել քաղաքացիներին․ Փաստաբան

Շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանում փաստաբանական ծառայությունների հարկը էապես բարձրացել է՝ վնաս հասցնելով ինչպես փաստաբանների, այնպես էլ քաղաքացիների գրպանին։

Aysor.am-ի հետ զրույցում փաստաբան Հայարփի Սարգսյանն ասել է՝  նախկինում  որպես շրջանառության հարկ  վճարվող  5 տոկոսը փաստացի վերածվել է գրեթե 50 տոկոսի։  

«Այդ գումարի մեջ ներառվում են  20 տոկոս ավելացված արժեքի հարկը, շուրջ 23 տոկոս շահութահարկը,  ինչպես նաև սոցիալական վճարը։ Եթե նախկինում սոցիալական վճարը ֆիքսված էր և կազմում էր մոտ 60 000 դրամ, ապա այժմ այն դարձել է սանդղակային և կախված է շահութահարկի չափից։ Արդյունքում ես այսօր վճարում եմ ինչպես ավելի քան կրկնակի  հարկ, այնպես թլ զգալիորեն ավելացած սոցիալական վճար։ Ստացվում է՝ նախկին 5 տոկոս հարկային բեռը փաստացի դարձել է 50 տոկոս և ավելին, քանի որ կան նաև մանր հարկեր։ Միաժամանակ մենք, աշխատանքային գործընթացով պայմանավորված, ունենում ենք այլ ծախսեր։ Այս բոլոր  ծախսերը, հարկերը չենք կարող լիարժեք բալանսավորել մեր շահույթի հետ»։

Հայարփի Սարգսյանն ընգծել է՝ մինչև օրենքի ընդունումը փաստաբանները բազմիցս ահազանգել են, որ փոփոխությունների հետևանքով մեծանալու է նաև քաղաքացիների ֆինանսական բեռը։

«Հարկերի ավելացումը հանգեցրել է ծառայությունների գների բարձրացման, ինչի հետևանքով շատ քաղաքացիներ այլևս չեն կարողանում  դիմել մեզ։ Այն քաղաքացիները, ովքեր պայմանականորեն՝  ստանում են 150 000 դրամ աշխատավարձ  և այդ գումարով են գոյատևում, չեն կարող իրենց թույլ տալ իրավաբանական ծառայության դիմաց վճարել։ Միևնույն ժամանակ, նրանք փաստացի չեն կարող դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակին, քանի որ անվճար իրավաբանական  օգնությունից օգտվելու համար անհրաժեշտ է չունենալ նույնիսկ ցածր վարձատրվող աշխատանք»-նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ եթե պետությունը ցանկանում է, որ փաստաբանը հարկեր վճարի, ապա առնվազն պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որ փաստաբանին դիմող քաղաքացին էլ ի վիճակի լինի կատարել վճարում, որից էլ փաստաբանը կկարողանա իր հարկային պարտավորություններն իրականացնել.

«Բայց քաղաքացին չի կարողանում  հարմարվել գնային այս փոփոխություններին։ Երեկ եմ ներկայացրել իմ հաշվետվությունները․ ամբողջ տարվա ընթացքում վճարված ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, սոցիալական վճարը, ինչպես նաև ապահովագրական վճարը  կազմում են իմ աշխատած գումարի ուղիղ կեսը։ Հայաստանի Հանրապետությունում ո՞ր աշխատողն է իր եկամտի ուղիղ 50 տոկոսը վճարում հարկերի տեսքով։  Փաստաբանի աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում է, դա բիզնես չէ»։

Հայարփի Սարգսյանի գնահատմամբ՝ այս չհամակարգված, թերի իրականացված փոփոխությունը լիովին անհամատեղելի է փաստաբանական գործունեության հետ.

«Փաստաբանության համար կիրառվող այս հարկային բեռը չի համապատասխանում մասնագիտության բնույթին։ Եթե նախկինում մենք վճարում էինք 5 տոկոս հարկ, ապա հնարավոր էր այն աստիճանաբար բարձրացնել, դարձնել, օրինակ, 10 տոկոս, հետո քննարկել հետագա փոփոխությունները։ Բայց ոչ թե միանգամից 5 տոկոսից անցնել 20 տոկոսի, հետո դրան ավելացնել ևս 23 տոկոս շահութահարկ և մյուս պարտադիր վճարները»։

Սարգսյանն ընդգծել է՝ առաջին հերթին կարևորում է, որ քաղաքացիների համար իրավաբանական ծառայություններից օգտվելը կրկին մատչելի լինի, ուստի թյուր է այն կարծիքը,  թե փաստաբանների կռիվը քիչ հարկ վճարելն է։

«Շատ դեպքերում մենք ինքներս ենք ուզում օգնել այդ մարդկանց, թեկուզ՝ անվճար։ Սակայն գործող կարգավորումների պայմաններում դա հնարավոր չէ։ Պետությունը մեզ ասում է՝ եթե նույնիսկ դու պատրաստ ես անվճար իրավական օգնություն տրամադրել, միևնույն է, պարտավոր ես վճարել ծառայության համար սահմանված ավելացված արժեքի հարկը։ Այսինքն՝ փաստաբանը պետք է իր գրպանից վճարի այն հարկը, որը ենթադրաբար պետք է վճարեր քաղաքացին։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ քաղաքացին զրկվում է իրավական օգնությունից, իսկ մենք զրկվում ենք նրան օգնելու հնարավորությունից»։

Գործող կարգավորումների պատճառով այլևս չենք կարողանում անվճար օգնել քաղաքացիներին․ Փաստաբան