Փոթորիկ է, կանցնի. այս ընթացքում մենք ավելի ուժեղանում ենք. Տեր Փառենը՝ եկեղեցու շուրջ զարգացումների մասին
21/01/2026 16:26

Փոթորիկ է, կանցնի. այս ընթացքում մենք ավելի ուժեղանում ենք. Տեր Փառենը՝ եկեղեցու շուրջ զարգացումների մասին

Երեկ հայտնի դարձավ, որ Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ հետապնդումներ են սկսվել։ Ըստ թեմի տարածած հաղորդագրության՝ Մասյացոտնի թեմի մի խումբ քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։

«Իրադարձություններն այնպես արագ են զարգանում, ցավոք, երբեմն չենք էլ հասցնում հետևել։ Այդ ամենի մասին մենք էլ մամուլից տեղեկացանք, բայց, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, չի լինում ծուխ՝ առանց կրակի, մանավանդ, որ մեր քահանա հայրերից եղան հաստատողներ, որ իրենց էլ են մոտեցել ու համոզել միանալ»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ դատապարտելով տեղի ունեցածը։

Նրա խոսքով՝ ճնշումների համար կիրառվում են տարբեր, անազնիվ մեթոդներ։

«Շատ անազնիվ քայլեր են անում։ Մեկին, միգուցե, սպառնում են, մեկին՝ համոզում, մեկին փորձում են ինչ-որ ձևով շահագրգռել։ Ամեն դեպքում, անազնիվ միջոցներով փորձում են սխալ տեղ տանել»,- ասաց Տեր Հայրը։

Նա շեշտեց, որ եկեղեցին արդեն կայացրել է իր որոշումը։

«Վեհափառ Հայրապետն իր որոշումը կայացրել է, նոր առաջնորդ է նշանակել, որի իրավունքը լիարժեքորեն ունի՝ ըստ Հայ եկեղեցու կանոնադրության։ Այդ կանոնադրությունը վավերացրել է պետությունը։ Հիմա էլ տեսնում ենք, որ դատարան են դիմում։ Ակնհայտ է, որ այստեղ Սահմանադրություն է խախտվում»,- ասաց նա։

Քահանան դատապարտեց տեղի ունեցող գործընթացները՝ ընդգծելով, որ քահանաներն արդեն իրենց որոշումն են կայացրել։

«Թեմն ունի իր նոր առաջնորդը և լավ առաջնորդը։ Հայր Ռուբենը շատ պատրաստված է, և հիմա քահանաները պետք է համախմբվեն իրենց առաջնորդի շուրջը, ինչը և անում են, որպեսզի թեմն էլ ավելի հզորանա, և այս ամենի մեջ չտուժի ժողովուրդը»։

Տեր Փառենի խոսքով՝ այս գործընթացներում մոռացության է մատնվում հենց հասարակ հավատացյալը։

«Ժողովրդի անունից խոսելով՝ մոռանում են հենց պարզ հավատացյալին, որովհետև փոթորկում են ժողովրդի կյանքը։ Պետք չէ ժողովրդի հոգևոր կյանքի հետ խաղ անել»,- ասաց նա՝ այս փորձությունը համարելով ժամանակավոր։

«Փոթորիկ է, կանցնի, փորձությունն էլ կանցնի։ Առողջ ծառերը կմնան հողին կառչած, իսկ անառողջները՝ կա՛մ արմատախիլ կլինեն, կա՛մ կպոկվեն»։

Տեր Հայրն իր ծառայակից եղբայրներին կոչ արեց համբերատար լինել ու ամուր մնալ հավատքի մեջ։

«Ոչ ոք չի ուզում, որ մարդ հեռանա եկեղեցուց։ Եկեղեցին ամեն ինչ անում է, որ մարդիկ մնան անդաստանում։ Մասյացոտնի թեմի իմ եղբայրներին և բոլոր քահանա եղբայրներիս հորդորում եմ զինվել համբերությամբ, շատացնել աղոթքը և չտրվել որևէ համոզման։ Սուրբ գիրքը մեզ սովորեցնում է՝ Քրիստոսի սիրուց ու մեր եկեղեցուց մեզ ոչ մի բան չի կարող պոկել։ Այս ընթացքում մենք ավելի ուժեղանում ենք»։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
Փոթորիկ է, կանցնի. այս ընթացքում մենք ավելի ուժեղանում ենք. Տեր Փառենը՝ եկեղեցու շուրջ զարգացումների մասին