.jpg)
Եթե կարողանում եք բենզին բերել, ինչո՞ւ չեք բերում այս մարդկանց հարազատների աճյունները. Ակցիա՝ կառավարության դիմաց (Տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում զոհված զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են, որ արտաշիրիմում իրականացվի և իրենց որդիների աճյուններն Արցախից բերեն Հայաստան։
«Այստեղ այն ծնողներն են, ովքեր մինչև վերջին պահը մնացին Արցախում, զոհեր ունեցան։ Նրանք իրենց որդիներին հուղարկավորեցին Արցախում, հույս ունենալով, որ վերադառնալու են։ Բայց ինչպես տեսնում եք, այդ հարցը ձգձգվում է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Արցախ վերադարձի մասին այս մարդիկ պետք է մոռանան։ Ադրբեջանցիները բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, թե ինչպես են պղծում հայերի շիրիմիները։ Այս մարդիկ Արցախից վերադառնալուց հետո դիմել են Փաշինյանին և ասել, որ արտաշիրիմում են պահանջում։ Որևէ արձագանք, որևէ պատասխան չի եղել»,-լրագրողներին ասաց «Համահայկական ճակատ» շարժման ներկայացուցիչ Ռուզան Ստեփանյանը։
Ըստ Ստեփանյանի՝ տարբեր գերատեսչություններից ծնողներին պատասխանում են, թե միշտ բարձրաձայնում են այդ հարցի մասին, մինչդեռ ոչ ոք ոչնչով չի զբաղվում։
«Ադրբեջանի հետ առևտուր եք սկսել, նավթ, բենզին, վաղն էլ գազար ու լոլիկ կբերեք, բա էս մարդկանց հարցերը ե՞րբ եք լուծելու։ Սա էլ հո անհետ կորածների հարցը չի՞։ Տեղը գիտեք, նույնիսկ որոնողական աշխատանքներ պետք չեն, եթե կարող եք բենզին բերել, ինչո՞ւ չեք բերում այս մարդկանց հարազատների աճյունները»,-ասաց Ռուզան Ստեփանյանը։