Օրենքի նոր նախագիծը նպաստելու է արտագաղթին, կազմաքանդելու է բանակը․ Հայկ Նահապետյան
22/01/2026 22:01

Օրենքի նոր նախագիծը նպաստելու է արտագաղթին, կազմաքանդելու է բանակը․ Հայկ Նահապետյան

Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն է տալիս վերադառնալ Հայաստան, ծառայել և գումար վճարելու եղանակով ազատվել քրեական պատասխանատվությունից։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է` սա ոչ այլ ինչ է, քան բանակի կազմաքանդմանը միտված գործընթաց։

«Բանակը քանդելու երկու հիմնական ճանապարհ կա։ Առաջինը՝ բանակի ինստիտուտի ուղղակի փակումը, ինչպես 2018 թվականին  նախարարությունների լուծարման միջոցով փակվեցին մի շարք պետական ինստիտուտներ: Երկրորդ ճանապարհը այնպիսի իրավական ակտերի ընդունումն է, որոնք արագ և համակարգված՝ հանգեցնում են բանակի կազմալուծմանը։ Այս պահին իրականացվող գործողությունները հենց այդ երկրորդ ճանապարհով են ընթանում։ Դրանք նպաստում են նրան, որ հայկական բանակում աստիճանաբար չլինի լիարժեք զորակոչ։    

Ըստ առաջարկվող կարգավորման՝ 27-ից 37 տարեկան այն քաղաքացիները, որոնք լքել են Հայաստանը, կարող են գնալ չվերադառնալ, աշխատել  արտերկրում, գումար կուտակել, ապա 15 միլիոն դրամ վճարել և այդ կերպ ազատվել զինվորական ծառայությունից՝ առանց բանակում ծառայելու։ Սա հանգեցնելու է արտագաղթի աճի, քանի որ շատ ընտանիքներ, ովքեր չեն ցանկանում, որ իրենց որդին ծառայի ներկայիս հայկական բանակում, կընտրեն Հայաստանից դուրս գալու ճանապարհը, ապա կվերադառնան, կվճարեն սահմանված գումարը և կազատվեն ծառայությունից։ Քննարկվում է նաև տարբերակ, ըստ որի հնարավոր է ընդամենը մեկ ամիս ծառայել՝ վճարելով 10 միլիոն դրամ։ Այդ մեկ ամիսը, որպես այդպիսին, կարող է ծառայություն էլ չլինել, օրինակ՝ կեսն անցկացնեն բուժկետում, բայց փոխարենը կխնայեն 5 միլիոն դրամ։ Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանը փաստացի գտնվում է պատերազմի մեջ։ Երբ և ինչ պայմաններով կստորագրվի խաղաղության հաստատման մասին վկայող որևէ փաստաթուղթ, դեռ հայտնի չէ»,- ասում է Նահապետյանը։

Ռազմական փորձագետի դիտարկմամբ՝ Հայաստանում փորձ է արվում ձևավորել «բանվորագյուղացիական բանակ».

«Այսինքն՝ ով գումար չունի, նրա՛ ընտանիքի զավակն է ծառայելու, իսկ ով ունի ֆինանսական հնարավորություններ, կլքի երկիրը, տարիներ անց կվճարի գումարը և կազատվի ծառայությունից։ Կարող ենք ունենալ նաև 27-ից 37 տարեկան քաղաքացիներ, որոնք ամբողջ այդ ընթացքում ապրել են արտերկրում, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել, և տարիներ անց վերադառնում են Հայաստան՝   ծառայելու։ Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը, երբ 37-ամյա անձը պետք է ծառայի 18-ամյա նորակոչիկների հետ։ Սա կարող է լուրջ ներանձնային խնդիրների պատճառ դառնալ։ Տարիքային այս մեծ տարբերությունը բարդություններ է ստեղծելու բանակի ներսում»։ 

Հայկ Նահապետյանն ասում է՝ այսպիսով իշխանությունը 2 հարց է լուծում․

«Առաջինը՝ կատարում են մեր հարևան Ադրբեջանի պահանջները, այն է՝ Հայաստանի բանակը դարձնել հնարավորինս փոքրաթիվ և ոչ մրցունակ Ադրբեջանի զինված ուժերի համեմատ։ Երկրորդ խնդիրն այն է, որ պետական բյուջե գումարներ են մտցվում։ Սակայն այդ գումարները վերջնարդյունքում վերածվում են չկատարված աշխատանքի համար վճարվող պարգևավճարների։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին աշխատում է, որպեսզի ամեն ամիս ապահովի որոշ պաշտոնյաների բարձր պարգևավճարները»։

Նահապետյանը նաև շեշտում է, որ օրենքի նախագծի ընդունմամբ սոցիալական անարդարություն է առաջանալու։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստան և ընտրելով հինգ տարբերակներից մեկը․ ծառայել 24 ամիս, ծառայել 12 ամիս և վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ, զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ։   

Օրենքի նոր նախագիծը նպաստելու է արտագաղթին, կազմաքանդելու է բանակը․ Հայկ Նահապետյան