Պուտինը պատրաստ է 1 մլրդ դոլար հատկացնել Թրամփի «Խաղաղության խորհրդին»՝ ակտիվների ապասառեցման դիմաց
23/01/2026 11:36

Պուտինը պատրաստ է 1 մլրդ դոլար հատկացնել Թրամփի «Խաղաղության խորհրդին»՝ ակտիվների ապասառեցման դիմաց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է մինչև 1 միլիարդ դոլար տրամադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին», եթե Վաշինգտոնը ապասառեցնի ռուսական որոշ ակտիվներ։ Այդ հարցը, ըստ CNN-ի, քննարկվել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ հանդիպման ընթացքում։

ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ քննարկումների ընթացքում ռուսական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը նշված գումարը հատկացնել խորհրդի բյուջեին՝ այն միջոցներից, որոնք սառեցվել էին նախորդ ամերիկյան վարչակազմի օրոք։

Ուշակովը նշել է նաև, որ 2022 թվականին սառեցված պահուստներից մնացած ֆինանսական միջոցները հնարավոր է ուղղվեն մարտական գործողություններից տուժած տարածքների վերականգնման ծրագրերին։

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա, գործարար Ջարեդ Քուշների հետ տևել է մոտ երեք ժամ։ ՌԴ նախագահի օգնականը բանակցությունները բնութագրել է որպես կառուցողական, բաց և փոխադարձ վստահության մթնոլորտում անցկացված։

Միևնույն ժամանակ, Ուշակովը ընդգծել է, որ հակամարտության վերջնական լուծում դեռ չկա՝ չնայած Մոսկվայի շահագրգռվածությանը։ Նրա խոսքով՝ առանց տարածքային հարցերի կարգավորման երկարաժամկետ խաղաղության հասնելը գործնականում անհնար է։

Իսկ Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ դեռևս «շատ աշխատանք կա անելու»։

Պուտինը պատրաստ է 1 մլրդ դոլար հատկացնել Թրամփի «Խաղաղության խորհրդին»՝ ակտիվների ապասառեցման դիմաց