Իշխանությունը մտադիր է ընտրությունները դարձնել իր ճաշակով․ Ընդդիմադիր պատգամավոր
23/01/2026 22:03

Իշխանությունը մտադիր է ընտրությունները դարձնել իր ճաշակով․ Ընդդիմադիր պատգամավոր

Այսօր ԱԺ իշխանական խմբակցությունն, առանց խորհրդարանական ընդդիմության մասնակցության, երկրորդ  ընթերցմամբ, արագացված կարգով ընդունել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների մասին նախագիծը։ Ըստ նախաձեռնության ՔՊ-ական հեղինակների՝  գործող օրենսդրությունը մինչ այս բավարար մեխանիզմներ չուներ դիտորդական առաքելությունների և դիտորդների քաղաքական չեզոքության ու անկողմնակալության ապահովման համար։

Ընդդիմությունը, սակայն, համոզված է՝ օրենքի նպատակն է վերահսկելի դարձնել դիտորդներին։

Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն  ընդգծում է.

«Օրենսդրական փոփոխությունները տեղի են ունեցել առանց հանրային քննարկումների, առանց շահագրգիռ կազմակերպությունների ներգրավման և առանց հանրային լսումների։ Միանգամից երկու ընթերցումով օրինագիծը արագ բերելը և քվեարկելը խոսում է այն մասին, որ այստեղ ակնհայտ  քաղաքական շահադիտություն կա։  Այն, որ օրենսդրական փոփոխություններ են  կատարում  ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ պարզապես խաղի կանոններ փոխել է։ Նման աշխատելաոճը, երբ ընտրություններից  ընդամենը մի քանի ամիս առաջ  ընտրության կարևոր դերակատարներից մեկի՝ դիտորդական առաքելություն կատարողների համար  փոխում են կանոններ, ինքնին հակասում է Վենետիկյան հանձնաժողովի այն խորհրդատվություններին, համաձայն որոնց,  նախքան ընտրությունները մեկ տարվա ընթացքում չի խրախուսվում օրենսդրական արմատական փոփոխություններ կատարել»։

Այս փոփոխությունները չեն քննարկվել նաև դիտորդական կազմակերպությունների կողմից։

«Հատկանշական է իշխանության այն դիրքորոշումը, որ մեզ ասում են, որ մենք, որպես կուսակցություն, չունենք հասարակական կազմակերպություն, հետևաբար, ինչո՞ւ է մեզ դա անհանգստացնում։ Կարծես թե՝ յուրաքանչյուր ոլորտի հետ կապված օրենսդրական փոփոխությունները պիտի մտահոգեն միայն տվյալ ոլորտի ներկայացուցիչներին։ Եվ ի վերջո, իշխանության ներկայացուցիչների ելույթները, որտեղ խիստ թիրախավորված են ընդդիմադիր ուժերը,  վկայում են, որ նրանք ոչ թե մտահոգված են  ընտրություններն ավելի թափանցիկ դարձնելու հարցով, այլ ունեն կոնկրետ քաղաքական հետաքրքրություններ, և ընտրություններն  ավելի շատ իշխանության ճաշակով դարձնելու մտադրություն»,- ասում է Գեղամ Մանուկյանը։      

Իշխանությունը մտադիր է ընտրությունները դարձնել իր ճաշակով․ Ընդդիմադիր պատգամավոր