.jpg)
«Քոչվորական վարքագիծ է». Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձերը շարունակվում են
Օրերս հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, հայտարարել էր, որ Առնո Բաբաջանյանի երաժշտությունն Ադրբեջանում անվանել են «Բաքվի բանահյուսություն»։ Արա Բաբաջանյանն այդ կապակցությամբ արդեն դիմել է իրավաբաններին։
Aysor.am-ի հետ զրույցում «Տոնացույց» կրթամշակութային կենտրոնի նախագահ, երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանը հիշեցրեց՝ Ադրբեջանի կողմից մեր մշակութային ժառանգության յուրացման այսպիսի փորձերը նոր չեն.
«Դրա դեմ կարող ենք պայքարել մշակույթի նախարարության մակարդակով։ Մեզ մնում է միայն անընդհատ խոսել այն մասին, որ այդ երաժշտությունը հայկական է, ամեն տեղ ներկայացել։ Ինչ մնում է Ադրբեջանի նման պահվածքին, կարող ենք պարզապես նայել նրանց ու բարձր ձայնով ծիծաղել, ուրիշ բան ի վիճակի չենք անել։ Իսկ եթե պետական մակարդակով ոչինչ չեն անում, նշանակում է մտածում են՝ ամեն հիմարի ասածի պետք չէ ուշադրություն դարձնել»,- ասաց նա։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը բոլորովին այլ կարծիք ունի հարցի վերաբերյալ։ Aysor.am-ի հետ զրույցում նա ընդգծեց՝ այսպիսի դեպքերը անլուրջ կամ միայն ներքին լսարանի համար ընկալելը և դրանց արագ չհակազդելը, ժամանակ կորցնելը կարող է հավելյալ խնդիրներ առաջացնել.
«Այդ դեպքում սպառնալիքի նվազեցումը կպահանջի երկար տարիներ և հսկայական ռեսուրսներ»։
Դավթյանը մեկ այլ օրինակ հիշեցրեց.
«2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հաճախ անլուրջ էր վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում ձևավորվող «փախստականների վերադարձի» թեմային՝ այն ներկայացնելով որպես ներքին օգտագործման համար նախատեսված գործընթաց։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա դարձավ միջազգային հարթակներում ընկալելի և լեգիտիմ երևույթ։ Ուստի խնդիրը պետք չէ թերագնահատել»։
Փորձագետը նշեց նաև՝ Ադրբեջանը մշակութային ժառանգության յուրացումներ իրականացնում է ոչ միայն Հայաստանի նկատմամբ։
«Սա քոչվորական մտածողությանը բնորոշ վարքագիծ է․ մշտապես փորձ է արվում ուրիշի ստեղծած արժեքը սեփականացնել և ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգություն։ Ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, ապա պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի որևէ քայլ չի ձեռնարկում Հայաստանի ազգային և պետական շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Իսկ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում տարիներ շարունակ իրականացնում է հսկայական ֆինանսական և քարոզչական գործունեություն։ Մեծ գումարներ են ծախսվում «ադրբեջանական մշակութային ժառանգությունը» միջազգային կառույցներում գրանցելու և համապատասխան տեղեկատվական դաշտ ձևավորելու համար։ Պետության դերակատարումը առանցքային է։ Մշակութային ինքնության դեմ ուղղված այս գործընթացները ուղղակիորեն առնչվում են մեր ազգային անվտանգությանն ու ինքնության պահպանմանը»։