.png)
Մակրոնն ու Լուլա դա Սիլվան քննադատում են Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհուրդը»
Բրազիլիայի և Ֆրանսիայի նախագահներ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան և Էմանուել Մակրոնը ոգևորված չեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությամբ։ Նրանք կոչ են անում ավելի ուժեղացնել ՄԱԿ-ի դերը, քանի որ հենց այդ կառույցի առաքելությունն է հակամարտությունների կարգավորմանը նպաստելը։
Ինչպես հաղորդում է EFE-ն, Մակրոնն ու Լուլա դա Սիլվան խնդիրը քննարկել են հեռախոսազրույցի ժամանակ։
«Հեռախոսազրույցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները ընդգծել են, որ ՄԱԿ-ն է այն կառույցը, որը առավելագույնս համապատասխանատում է աշխարհում հակամարտությունների լուծման պահանջներին։ Երկու երկրների առաջնորդները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» և հանդես են եկել ՄԱԿ-ի դերի ամրապնդման օգտին՝ նշելով, որ խաղաղությանը և անվտանգությանը վերաբերող նախաձեռնությունները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատին, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և նպատակներին»,- Բրազիլիայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունն է մեջբերել EFE-ն։
Նշվում է, որ Լուլա դա Սիլվան քննադատել է «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու գաղափարը՝ ասելով, որ Թրամփն այսպիսով ցանկանում է ստեղծել «նոր ՄԱԿ», որի «տերն» ինքը կլինի։