Փաշինյանի «հնարած» տերմինի տողատակում «իրական» և «պատմական» ՀՀ-ի բաժանումն է Զինված ուժերից․ քաղաքագետ
27/01/2026 10:55

Փաշինյանի «հնարած» տերմինի տողատակում «իրական» և «պատմական» ՀՀ-ի բաժանումն է Զինված ուժերից․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր «հնարել» է նոր տերմին՝ «երկնային բանակ»: Իհարկե, շատերն են թերեւս խիստ հուզվել այդ տերմինից, սակայն Նիկոլ Փաշինյանն ինքը զբաղված է ոչ թե հուզականությամբ, այլ քաղաքականությամբ: Եվ նրա «հնարած» տերմինը մաքուր քաղաքական է, որի տողատակում «իրական» եւ «պատմական» Հայաստանների բաժանումն է Զինված ուժերի մասով:

Միայն հուզական պրիզմայով կարող է «երկնային բանակ» հասկացությունն ընկալվել իբրեւ զոհված զինծառայողների ամբողջություն: Քաղաքական առումով Փաշինյանն այդպես բաժանում է Հայաստանի Զինված ուժերը, այդպիսով «երկնային» բնորոշելով այն զինուժը, որի մարտական առաջադրանքների շարքում էր, եւ այդ շարքում նաեւ առաջնայիններից մեկն էր Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի արցախյան թեւի պաշտպանությունը:

Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2025 թվականի օգոստոսի 18-ի ուղերձում է շատ թափանցիկ հայտարարել, որ «խաղաղության խնամակալության» շրջանակում դրված է անգամ զոհված զինծառայողների հիշատակը պատվելու ձեւերի եւ բովանդակության փոփոխությունը»: