.png)
Գործող ռեժիմը շարունակաբար թիրախավորում է ազատ խոսքը և ընդդիմադիր մեդիաներին․ Դավիթ Ֆիդանյան (Տեսանյութ)
«2018 թվականից սկսած՝ գործող ռեժիմը շարունակաբար թիրախավորում է Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը և ընդդիմադիր մեդիաներին։ AntiFake.am-ի շուրջ տեղի ունեցածը այս ամենի ամենալպիրշ դրսևորումներից մեկն էր»- AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած աշխատաժողովին ասաց AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
«Ժամանակին ընդդիմադիր եղած ուժերը իշխանության գալուց հետո հենց իրենք սկսեցին թիրախավորել ընդդիմադիր մեդիաներին։ Երբ 2025 թվականի նոյեմբերին ուժայինները ներխուժեցին քաղաքական բանտարկյալներ, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, ձերբակալեցին, ապա կալանավորեցին նրանց, դա Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում ընդդիմադիր մեդիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու ամենախայտառակ դրսևորումն էր։ Դրան հաջորդեց խմբագրությունում իրականացված խուզարկությունը, ողջ տեխնիկայի առգրավումը, ես ենթարկվեցի եռօրյա կալանքի, իսկ Իշխան Խոսրովյանը մի քանի ժամով ձերբակալվեց։ Ըստ էության, վարչախումբը փորձեց ամբողջությամբ պարալիզացնել մեդիայի գործունեությունը։ Սա ընդդիմադիր մեդիայի նկատմամբ տոտալ բռնաճնշման փորձ է»,- ասաց Ֆիդանյանը։
Լրագրողի դիտարկմամբ՝ սա ոչ միայն առանձին մեդիա գործիչների կամ ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ իրականացված բռնաճնշում է, այլև ուղերձ ամբողջ մեդիա դաշտին, որ կարող են ներխուժել ցանկացած ընդդիմադիր լրատվամիջոցի խմբագրություն, կալանավորել լրագրողներին.
«Հատկապես նախընտրական փուլում պետք է սպասել ավելի լկտի դրսևորումների ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի և գործիչների, այլև ընդդիմադիր մեդիա դաշտի նկատմամբ, քանի որ այս վարչախմբի նպատակը մեկ է՝ ամեն գնով վերարտադրվել»։