Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Բարեխոս «Սուրբ Սարգիս» և վիշապասպան «Սուրբ Գևորգ» սրբապատկերները
29/01/2026 18:50

Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Բարեխոս «Սուրբ Սարգիս» և վիշապասպան «Սուրբ Գևորգ» սրբապատկերները

Պատկերասրահում ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի հունվարի 31-ին՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ, թանգարանի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվեն 18-19-րդ դարերի անհայտ հայ նկարիչների «Սուրբ Սարգիս» և «Սուրբ Գևորգ» սրբապատկերները։ Առաջին սրբանկարը պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց (7-րդ դար) 1939 թվականին, երկրորդը՝ Բնագիտության թանգարանից 1957-ին։

Հանուն հավատքի նահատակված և համաքրիստոնեական Եկեղեցու տոնելի սրբերի շարքին դասվող զորավարներից Հայաստանում առավել մեծ ժողովրդականություն է վայելում Սուրբ Սարգիսը, որի մասին մեզանում հյուսվել են բազմաթիվ ավանդազրույցներ. նրա կերպարում խտացել է քրիստոնեական հավատքի, նեղության մեջ գտնվողի պաշտպանի, քաջ ու արագահաս զորակցի իդեալական պատկերը:

Միայն հայկական աղբյուրներում է առկա զորավարի որդու՝ Մարտիրոսի մասին պատմությունը։ Դրա հիման վրա հայ միջնադարյան արվեստի տարբեր տեսակներում ստեղծվել են բազմաթիվ գործեր, որոնցում Սուրբ Սարգիսը ներկայացվում է որդու՝ Մարտիրոսի հետ: Լավագույններից է 1821 թվականի հիշատակային մակագրությամբ «Սուրբ Սարգիս» սրբապատկերը։ Ավանդական պատկերագրության համաձայն՝ Սուրբը ներկայացված է ճերմակ ձիու վրա, գեղեցկադեմ երիտասարդի կերպարանքով Մարտիրոսի հետ, զինվորականի հանդերձանքով ու սաղավարտով, քամուց ծածանվող կարմիր թիկնոցով, վեր բարձրացրած ձեռքին գուրզ է։ Բացակայում է չարը խորհրդանշող գազանի պատկերը, այսինքն՝ Սուրբ Սարգիսը ներկայացվում է մարտիրոսների պատկերագրությամբ, որն արտահայտում է հանուն հավատքի նահատակության գաղափարը։

Հայ միջնադարյան արվեստում Սուրբ Սարգսի և Սուրբ Գևորգի պատկերները երբեմն ներկայացվում են միասին. առաջին նմուշները հայտնի են 7-րդ դարից։ Քրիստոնեական և հայ արվեստում Սուրբ Գևորգը մեծ մասամբ պատկերվում է վիշապամարտի տեսարանում եկեղեցու թշնամիներին, չարը խորհրդանշող վիշապին հաղթելիս: Պատկերասրահի սրբանկարն ունի ավարտուն պատկերագրական հորինվածք. կենտրոնում ծառս եղած ձիու ոտքերի տակ գտնվող հսկա վիշապին նիզակով խոցող Սուրբ Գևորգի շուրջը տեղադրված 10 ձվաձև շրջանակների մեջ նրա վարքագրական շարքի դրվագներն են։ Հայկական սրբապատկերների՝ վիշապին հաղթելու տեսարանում բացակայում են հեթանոս արքայի և նրա աղջկա պատկերները, որոնք շատ տարածված են բյուզանդական և արևմտաեվրոպական արվեստի համաժամանակյա գործերում։

————

Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է: Նա ապրել է 330-363 թվականներին, իր որդու՝ Մարտիրոսի և այլ քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ըստ գրավոր տեղեկությունների, Մեսրոպ Մաշտոցը սրբի մասունքները բերել, ամփոփել է Ուշիում, վրան կառուցել է Սուրբ Սարգիս մատուռ-վկայարան։ Հետագայում Հայաստանում կառուցվել են սրբի անունը կրող 200-ից ավելի եկեղեցիներ։

2007 թվականից Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Ավանդույթի համաձայն, այս տոնին երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Սուրբ Գևորգը ծնունդով Կապադովկիայի Կեսարիա քաղաքից էր, ապրել է 275-303 թվականներին։ Հունական աղբյուրներում հիշատակվում է նաև Սուրբ Գևորգի մայրական կողմից հայկական ծագման մասին։ Նա եղել է հռոմեական բանակի զորավար, որը դարձի գալով՝ իր ունեցվածքը բաժանել է աղքատներին, իրեն հայտարարել է քրիստոնյա, Դիոկղետիանոս կայսեր հրամանով ենթարկվել է կտտանքների և գլխատվել է։ Սուրբ Գևորգի մասին տարածված ամենահայտնի ավանդությունն այն մասին է, թե ինչպես վիշապին սպանելով՝ նա ազատել է հեթանոս արքայի աղջկան, որին որպես կերակուր հանձնել էին գազանին երկիրը երաշտից փրկելու համար:

Սուրբ Գևորգի հիշատակության օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը։

Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Բարեխոս «Սուրբ Սարգիս» և վիշապասպան «Սուրբ Գևորգ» սրբապատկերները