.jpg)
Էներգետիկ համակարգերը միավորելու պնդումները գալիս են անգրագիտությունից․ Արմեն Մանվելյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից է հայտարարել, թե «Հայաստանի էներգետիկ համակարգը Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին է պետք միացնել»։ Նրա պնդմամբ՝ «դա մեծացնելու է արտահանման մեր հնարավորությունները»։
Aysor.am-ի հետ զրույցում Էներգետիկ և միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նշում է՝ դա կեղծ օրակարգ է։
«Արտահանում-ներմուծում գործընթացները ձևավորվում են միջպետական պայմանագրերի արդյունքում, ոչ թե համակարգերի տեխնիկական միավորմամբ։ Նախ պետք է լինի քաղաքական որոշում ու պայմանագիր՝ արտահանում կազմակերպելու ցանկության վերաբերյալ, և միայն դրանից հետո կարելի է խոսել՝ համակարգերը միավորվո՞ւմ են, թե՞ ոչ։ Մեր դեպքում նույնիսկ համակարգերի միավորման անհրաժեշտություն չկա։ Կարելի է կառուցել առանձին, ինքնուրույն գործող համակարգեր, օրինակ, Հայաստանից կարճ գծով դեպի Թուրքիա։ Գոյություն ունի դեռևս Սովետական Միությունից մնացած, գործող համակարգ, որը կարելի է գործարկել։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ պարտադիր է համակարգերի միավորումը։ Համակարգերի միավորման մասին պնդումները գալիս են անգրագիտությունից․ այդ մարդիկ պարզապես չեն պատկերացնում, թե ինչի մասին են խոսում»,-ասում է Մանվելյանը։
Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ինչ է թաքնված այս ամենի հետևում.
«Իսկ դրա հետևում թաքնված է Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրամիության և նաև Միացյալ Նահանգների պնդումը, որ Հայաստանի ատոմակայանը պետք է փակվի։ Այս պահանջը դրվում է շատ կոշտ։ Որպես այլընտրանք՝ առաջարկվում է միանալ Թուրքիայի և Ադրբեջանի համակարգերին՝ իբր փոխադարձ էլեկտրաէներգիայի մատակարարման միջոցով։ Բայց եթե ատոմակայանը փակվի, Հայաստանը կհայտնվի լրջագույն էլեկտրաէներգետիկ դեֆիցիտի մեջ։ Ավելին, կա նաև պահանջ՝ դադարեցնել կամ սահմանափակել ռուսական գազի ներմուծումը Հայաստան, մինչդեռ Հայաստանի ջերմաէլեկտրակայանները աշխատում են հենց ռուսական գազով։ Այս պայմաններում Հայաստանը փաստացի հայտնվում է էներգետիկ կոլապսի առաջ։ Իբր թե Հայաստանը փրկելու համար մեզ դնում են կախվածության մեջ Թուրքիայից և Ադրբեջանից։ Սա է իրական նպատակը։ «Կմիանանք, կմիացնենք» ձևակերպումները իրականում ուղղված են ատոմակայանի փակման պահանջի հերթական փուլի իրականացմանը, իսկ ավելի ուշ օրակարգ կմտցվի նաև գազի ներմուծման դադարեցման կամ նվազեցման հարցը»։
Փաշինյանի այն պնդմանը, թե «փորձագիտական մակարդակով սպառնալիք չեն տեսնում», ընդհակառակը՝ «միայն հնարավորություններ են», Արմեն Մանվելյանն արձագանքում է.
«Ես ոչ մի հնարավորություն չեմ տեսնում։ Ընդհակառակը՝ տեսնում եմ լրջագույն ռիսկեր, խնդիրներ և վտանգներ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե Սովետական Միության ժամանակ գոյություն ունեցած համակարգերը հեշտությամբ կարելի է վերականգնել, ապա դա իրականությանը չի համապատասխանում։ Այդ գործընթացը չափազանց ծախսատար և ֆինանսատար է, իսկ դրա արդյունավետությունը այս պահին նույնիսկ դժվար է հաշվարկել։Ես վստահ եմ, որ այս ամբողջ գործընթացի թիկունքում՝ թե՛ ներքին խոհանոցում, թե՛ բանակցային սեղանին, դրված է ատոմակայանի փակման հարցը»։