Առաջնային խնդիրը գործազրկությունն է, մեր քաղաքական ծրագրում հաշվի ենք առել յուրաքանչյուր մարզի, քաղաքի, գյուղի խնդիրները. Գոհար Ղումաշյան (Տեսանյութ)
31/01/2026 20:40

Առաջնային խնդիրը գործազրկությունն է, մեր քաղաքական ծրագրում հաշվի ենք առել յուրաքանչյուր մարզի, քաղաքի, գյուղի խնդիրները. Գոհար Ղումաշյան (Տեսանյութ)

«Տեսնելով ժողովրդի հիասթափությունը, առհասարակ քաղաքական գործընթացների հանդեպ անտարբերությունը՝ որոշեցինք այս իրավիճակին այլ մոտեցում ցուցաբերել։ Հասկանալով, որ մարդիկ կուսակցական շարժումների, գործընթացներ հետ չեն ուզում առնչություն ունենալ՝ մենք որոշեցինք նախ ստեղծել համաժողովրդական շարժում և հանդես գալ ոչ թե քաղաքական լոզունգներով, այլ՝ առաջին պլան բերել ժողովրդի խնդիրները։ Շրջեցինք ՀՀ բոլոր մարզերով, Երևանը նույնպես չանտեսեցինք, ի հայտ բերեցինք բոլոր խնդիրները, որոնք այս պահին հուզում են մեր ժողովրդին։ Հանդիպելով տարբեր թիրախային խմբերի հետ, խնդիրների ամբողջական պատկերն ունենալով՝ ձևակերպեցինք լուծումները՝ որպես հետագա քաղաքական ծրագիր»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը։

«Մարզեր, գյուղեր այցերից հետո մեզ համար ակնհայտ դարձավ, որ առաջնային խնդիրը գործազրկությունն է, օրինակ՝ Մալիշկա գյուղում հանդիպեցինք առույգ կանանց և տղամարդկանց, որոնք որևէ զբաղմունք չունեին, և իրենց խնդրանքն էր՝ ապահովել բնակավայրը աշխատատեղերով։ Իրենք ասում են՝ այս վատ պայմաններում ապրելով հանդերձ, չենք ուզում լքել երկիրը։

Գյուղերից մեկում մի պապիկի հանդիպեցինք, ով իրեն մի փոքր ավելի հեռու էր պահում այն կենտրոնից, որում մեր հանդիպումն էր։ Ես մոտեցա այդ պապիկին, հետաքրքրվեցի՝ արդյոք ունի՞ հարցեր, որոնց կարող ենք պատասխանել։ Ասաց՝ շատ լավ է, որ առաջադեմ գաղափարներ, ծրագրեր եք առաջարկում, բայց ես չեմ կարող հետ բերել այն տարիները, որ կորցրել եմ, տղաներս Հայաստանում չեն ապրում, թոռներս հայերեն չեն խոսում, հետևաբար, ես համարում եմ, որ իմ կյանքը կործանված է։ Թեև իմ ընտանիքի խնդիրը դուք չեք կարող լուծել, բայց գոնե հույս ունենանք, որ այլ ընտանիքների համար կստեղծեք հնարավորություն Հայաստանում ապրելու, արարելու։ Հենց այդ պատճառով է, որ մենք առաջնային ենք համարում գործարաններ, աշխատատեղեր ստեղծելը։ Այո, ասֆալտը շատ լավ է, դպրոցներ վերանորոգելը՝ նույնպես, բայց դա այն դեպքում, երբ կան աշխատատեղեր, և մարդիկ իրենց կյանքը կապում են իրենց համայնքի հետ։

Մենք մեր քաղաքական ծրագրերը կազմել ենք մեր երկրի տարածքային առանձնահատկությունները, յուրահատկությունները հաշվի առնելով, ստեղծել ենք տեսլական հենց իրենց մարզի, հենց իրենց գյուղի, հենց իրենց քաղաքի մասին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Առաջնային խնդիրը գործազրկությունն է, մեր քաղաքական ծրագրում հաշվի ենք առել յուրաքանչյուր մարզի, քաղաքի, գյուղի խնդիրները. Գոհար Ղումաշյան (Տեսանյութ)