.jpg)
558 000 անձանց կենսաթոշակային հաշիվներում կայուն արդյունքներ են. «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ը 2025թ.-ն ամփոփել է 750 մլրդ դրամ ակտիվներով և 26% եկամտաբերությամբ (Տեսանյութ)
ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առաջատար ակտիվների կառավարիչ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ը 2025թ.-ն ամփոփում է կայուն արդյունքներով՝ իր կառավարման ներքո ունենալով մոտ 750 միլիարդ ՀՀ դրամ ակտիվներ։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը՝ ներկայացնելով ընկերության ձեռքբերումները և հայտարարելով նոր նախաձեռնությունների մասին։
Ընկերության գործադիր տնօրենը շեշտեց, որ մոտ 750 միլիարդ ՀՀ դրամ ակտիվներից 26%-ը կառավարման արդյունքում գոյացած եկամուտն է։
«Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում ընկերությունը ձևավորել է կայուն աճի վստահելի պատմություն և էական ազդեցություն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման վրա՝ ներկայումս կառավարելով շուրջ 558 000 անձնավորված հաշիվների կենսաթոշակային ակտիվներ։ Այս թիվը տարեցտարի աճում է, և հուսանք՝ շարունակական կլինի»,-ասաց նա։
Ժան Մազեջյանը հիշեցրեց, որ ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Amundi-ն, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ավելի քան 2,3 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է և ունի 66 մասնաճյուղ։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ փոխտնօրեն, բիզնեսի զարգացման գծով փոխտնօրեն Հրայր Ասլանյանը մանրամասնեց, որ կենսաթոշակային երեք ֆոնդ կառավարող և տարվա վերջում 750 մլրդ դրամ ընդհանուր ակտիվներ ունեցող ընկերության ֆոնդերը միայն 2025թ.-ին աճել են 180 մլրդ դրամով, որից 75 միլիարդը՝ եկամուտն է, իսկ 110-ը՝ կուտակային հատկացումները։
«Այսինքն՝ 2025 թվականի աճի 40%-ը ձևավորվել է եկամտի հաշվին։ Ընդհանուր դինամիկայի մեջ դիտարկելով՝ ակտիվների միջին տարեկան աճը կազմել է ավելի քան 30 տոկոս, և դրա 26 տոկոսը կամ 195 մլրդ դրամը գոյացել է կառավարման արդյունքում»,-ասաց նա։
Նշվեց, որ ակտիվների շուրջ 64%-ը ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է միջազգային շուկաներում։
Ասլանյանը նաև անդրադարձավ 2025թ.-ին արված այն կարևոր քայլերին, որոնցից են տեղական ներդրումների ընդլայնումը։
«Կարևոր քայլ էր ոչ ֆինանսական ոլորտի թողարկումները, որոնց հետ ակտիվ աշխատեցինք և տարին փակեցինք բավական հաջող»,– ասաց նա և շարունակեց, որ միաժամանակ ընդլայնվել է արժութային հեջավորման գործիքակազմը՝ նոր ISDA-ով կարգավորվող խաչաձև արժութային սվոփերի միջոցով, ինչպես նաև բարելավվել է եկամտաբերության և իրացվելիության կառավարումը՝ GMRA-ով կարգավորվող հակադարձ ռեպո գործարքների կիրառմամբ։ Օգտագործվել են նաև մասնավոր կապիտալի հնարավորությունները։
«Այս առումով բավական դրական զարգացումներ ունենք և հույս ունեմ՝ շուտով հանրությանը դրա մասին կտեղեկացնենք»,- ասաց նա։
Ընկերության փոխտնօրենը շեշտեց, որ ներդրումային պորտֆելները բավական լավ դիվերսիֆիկացված են թե Հայաստանում, թե ՀՀ սահմաններից դուրս։ «Միայն ՀՀ-ում ներդումների ծավալը կազմել է 492 մլրդ դրամ»,- ասաց նա։
Ներդրումային միջազգային դիվերսիֆիկացիան ներկայացնելով՝ նշեց, որ 19.8%-ը ՏՏ ոլորտում է, 14.0%-ը՝ ֆինանսների, 6.4%-ը՝ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների, 7.2%-ը՝ արդյունաբերության, 7.7%-ը՝ կապի ծառայություններ և այլն։
Եկամտաբերության մասով Հրայր Ասլանյանը ներկայացրեց երեք ֆոնդերի եկամտաբերությունը 2025թ.-ի համար՝ նշելով, որ տարին ամփոփել են 10-12․4% եկամտաբերությամբ։ Մասնավորապես՝
Ամունդի-Ակբա Պահպանողական ֆոնդ (AMCON)՝ +12.0%
Ամունդի-Ակբա Հավասարակշռված ֆոնդ (AMBAL)՝ +12.4%
Ամունդի-Ակբա Կայուն եկամտային ֆոնդ (AMFIX)՝ +10.1%
«Սա բավական բարձր ցուցանիշ է»,– ասաց նա։
Ի դեպ, բանախոսը նշեց, որ եթե հաշվի առնենք, թե ակտիվների որ դասերն են նպաստել Պահպանողական ֆոնդում միայն 2025թ.-ին գրանցված շուրջ 12 տոկոս եկամտաբերությանը, ապա կտեսնենք, որ հիմնական նպաստումը եկել է հայաստանյան ակտիվներից՝ 65 տոկոս, իսկ 35 տոկոսը՝ արտասահմանյան ներդրումներից։

