Այդ ոստիկանը հենց այսօր պետք է կալանավորվի, իսկ Արփինե Սարգսյանն այն մարդն է, որի գործունեության արդունքում մենք կհասնենք նրան, որ նման միջադեպերը զրոյի հասցվեն. Իոաննիսյան
04/02/2026 13:25

Այդ ոստիկանը հենց այսօր պետք է կալանավորվի, իսկ Արփինե Սարգսյանն այն մարդն է, որի գործունեության արդունքում մենք կհասնենք նրան, որ նման միջադեպերը զրոյի հասցվեն. Իոաննիսյան

Լրագրող Սյուզի Բադոյանը երեկ տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացուն ծեծով, հայհոյանքներով խոշտանգում՝ ցուցմունք կորզելու համար։

«Բնականաբար, շատ վատ եմ վերաբերվում նման դեպքերին։ Այդ ոստիկանի նկատմամբ ոչ միայն պետք է քրեական հետապնդում լինի, այլև այսօր արդեն պետք է կալանավորվի, որպեսզի վկաների վրա ազդեցություն չկարողանա գործադրել։ Այս սենյակում գտնվող բոլոր ոստիկանների անունները պետք է պարզեն և բոլորը պետք է աշխատանքից օր առաջ ազատվեն, որ տեղյակ լինելով խոշտանգման դեպքի մասին, ամիսներ շարունակ լռել են՝ ո՛չ զեկուցագրեր են ներկայացրել, ո՛չ էլ՝ հաղորդումներ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին, Իոաննիսյանը նշեց, որ քրեական ոստիկանության մասով, ըստ էության, դրանք շոշափել են միայն կառուցվածքային փոփոխությունները.

«Քրեական ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններ եղել են, բայց շատ բաներ դեռ չեն փոխվել, պետք է փոխվեն։ Ես չեմ ասի, որ այս դեպքը բարեփոխումների տապալման մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ բարեփոխումները պետք է արագացվեն, որպեսզի նման դեպքերը նվազագույնի հասցվեն։ Բարեփոխումներում դրական միտումներ տեսնում եմ»։

Հարցին՝ իրենք պատրա՞ստ են հաղորդում ներկայացնել, գնալ մինչև վերջ, որ նման մարդիկ պատժվեն՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Հաղորդում ներկայացված է։ Մենք չհասցրեցինք ներկայացնել, քանի որ արդեն ՆԳՆ-ն ներկայացրել էր»։

Արդյո՞ք ավելի բարձր պաշտոնյաները չպետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն, օրինակ՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, որ ոստիկանությունում նման վիճակ է,  Իոաննիսյանը պատասխանեց. «Արփինե Սարգսյանը, իմ ընկալմամբ, այն մարդն է, որի գործունեության արդունքում մենք, հույս ունեմ, կհասնենք նրան, որ նման միջադեպերը զրոյի հասցվեն»։

Հեղինակ`Դուսյա Ղազարյան
Այդ ոստիկանը հենց այսօր պետք է կալանավորվի, իսկ Արփինե Սարգսյանն այն մարդն է, որի գործունեության արդունքում մենք կհասնենք նրան, որ նման միջադեպերը զրոյի հասցվեն. Իոաննիսյան