.jpg)
Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին հայրապետական տնօրինությունը հոգեկան տառապանք է պատճառել Արման Սարոյանին
Եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Գևորգ Սարոյանը հայց էր ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Սարոյանը հայցով պահանջում էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Արմավիրի մարզի դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն էլ մեկ օրում որոշում էր ընդունել Գևորգ Սարոյանին վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Սարոյանը ներկայացրել էր հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն։ Ըստ այդ միջնորդության՝ հոգևոր ծառայության ընդհատումը հակասում է Եկեղեցու դավանանքին։
«Անգամ եթե որոշակի իրավական գործընթացների արդյունքում, այս պարագայում, դատարան հայց ներկայացնելու միջոցով, հայցվորի պահանջը բավարարվի և անվավեր ճանաչվի ազատման փաստաթուղթը, այս ամբողջ ժամանակահատվածում հայցվորը չի կարող շարունակել իր հոգևոր առաքելությունը, որը տրված է ոչ թե անձի՝ մարդու կողմից, այլ՝ Եկեղեցու։ Եթե դատավարության ընթացքում հայցվորը հնարավորություն չի ստանում շարունակել իր թեմակալ առաջնորդի իրավասությունների և պարտականությունների իրականացումը, ինքնին նման ընդհատումը խախտում է հայցվորի կրոնի ազատության իրավունքը, քանի որ այդ ազատությունը չի չափվում ժամանակով և պատճառում է վնաս հոգևոր ծառայողին։ Հետևաբար, սույն գործով էական նշանակություն է ունենում կիրառել այնպիսի հայցի ապահովումներ, որոնք կապահովեն հայցվորի հոգևոր ծառայությունն այն պաշտոնի շրջանակներում, որից զբաղեցնելու իրավունքը վիճարկվում է դատարանում»,- նշվում է միջնորդության մեջ՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ կարևոր է նկատել, որ թույլատրելի չէ այս գործը համադրել այն դեպքերին, երբ անձն ի սկզբանե չի զբաղեցրել պաշտոն, հավակնել է, սակայն մերժվելուց հետո վիճարկում է նման մերժումը։
«Այս գործով ուղիղ 5 տարի հայցվորն իր հոգևոր ծառայությունը շարունակել և կառուցել է այն շրջանակներում, որը բնորոշ է թեմակալ առաջնորդին։ Հետևաբար, նման եղանակով պաշտոնից ազատումը ոչ թե ինքնին ենթադրում է թեմակալ առաջնորդի իրավասությունների և պարտավորությունների կատարման տեխնիկական անհնարինություն, այլ հոգևոր ծառայության շարունակության անհնարինություն, քանի որ այդ անհնարինության առաջացումը հայցվորից կախված չէ, սուբյեկտիվ է, հիմնված է պատասխանողի ոչ իրավաչափ որոշման վրա։ Իսկ սուբյեկտիվ պատճառով հոգևոր ծառայության դադարումն արդեն իսկ հանգեցնում է հայցվորի համար էական և անմիջական վնասի»,- ասվում է միջնորդության մեջ։
Հայցի ապահովման միջոցի կիրառման համար «վնաս» հասկացությունն օգտագործվում է՝ ընդհանուր առմամբ ներառելով ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասը։
«Արդեն իսկ որոշակի պաշտոն զբաղեցնող հոգևոր ծառայողի համար անմիջականորեն և անպատճառ առաջանում է հոգեկան տառապանք, որը տեղի է ունեցել նման ծառայության համար անհիմն և ոչ իրավաչափ խոչընդոտ ստեղծելու միջոցով՝ սույն պարագայում, պաշտոնից ազատելով ակնհայտ չհիմնավորված վարկաբեկիչ պարագաներով։ Իհարկե, տեսականորեն ցանկացած իրավունքի խախտում կարող է հանգեցնել որոշակի հոգեկան տառապանքի դատարան դիմող անձի համար, և դա դեռևս չի ենթադրում, որ բոլոր հայցերով այդ հիմքով կարող է կիրառվել հայցի ապահովում։ Այս պարագայում, իրավիճակն առանձնահատուկ է, քանի որ հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիությունն անմիջականորեն և ուղղակիորեն կապված է հայոց Եկեղեցու դավանանքի և վարդապետության սկզբունքների հետ, որոնք ինչպես արդեն իսկ նշվել է, ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատությունը և ժամանակով չսահմանափակված լինելը»,- նշված է միջնորդության մեջ։
Այսպիսով՝ դատարանը որոշել է բավարարել միջնորդությունն ու պարտավորեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց առանց խոչընդոտի ապահովելու Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Շաբաթ օրը Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Ավելի վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։