.png)
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշված է.
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական և մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի` երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ունեցած կարևոր դերը:
Առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես` դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: