Իրավաբանությունը մեր երկրում չի աշխատում․ Րաֆֆի Ասլանյան
06/02/2026 21:26

Իրավաբանությունը մեր երկրում չի աշխատում․ Րաֆֆի Ասլանյան

Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամը) և Արամայիս Թախմազյանը (նախկին Տեր Թադեն) դատական հայց են ներկայացրել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ են ընդունվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ ներկայացված երկու հայցերը, որոնցով վիճարկվում են Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ևս մեկ գործ կա՝ Արման Սարոյանը՝ (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով կարգալույծ է արվել) ընդդեմ Մայր Աթոռի։   

Փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aysor.am-ի հետ զրույցում ընդգծում է՝ Եվրոպական դատարանի դատական ակտեր կան, որոնք սահմանում են, որ կրոնական կազմակերպությունների որոշումները դատական վերահսկողության առարկա չեն։

«Սակայն, քանի որ մեկ անգամ արդեն այդ ապօրինությունն արել են, ապա համոզված պետք է լինել, որ այդ հակասահմանադրական, հակաիրավական դատական ակտը տեղի կունենա»,-ասում է փաստաբանը։

Րաֆֆի Ասլանյանի խոսքով՝ քանի դեռ իշխանությունը չի փոխվել, այս իրականությունը չի փոխվի։

«Իրավաբանությունը մեր երկրում չի աշխատում,  քանի որ մենք չունենք իրավական պետություն»,-նշում է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, իսկ  «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

Իրավաբանությունը մեր երկրում չի աշխատում․ Րաֆֆի Ասլանյան