.jpg)
Տնտեսությունը զարգանում է ոչ թե իր ներուժի, այլ պարտքային ռեսուրսների հաշվին․ Հրանտ Միքայելյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ հայտարարել է, թե հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալները շեշտակի աճել են, 2025 թվականին, 2021 թվականի նկատմամբ, աճը կազմել է շուրջ 72%։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ իր ունեցած տվյալները նման պատկեր չեն ստեղծում, բայց եթե հրապարակված տվյալները ճիշտ են, ուրեմն լավ է։
«Եթե այդ ապրանքները արտահանվում են ավելի բարձր գներով, ապա դրանից անմիջականորեն շահում են նաև տեղական արտադրողները և գյուղացիները՝ ստանալով ավելի բարձր եկամուտ։ Այս ազդեցությունը վերաբերում է ոչ միայն առանձին արտադրողներին, այլ ամբողջ շղթային»,-ասում է նա։
Հրանտ Միքայելյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը երկար տարիներ բախվում է մի շարք քրոնիկ խնդիրների, որոնցից առանցքայինն այն է, որ սպառումը էականորեն գերազանցում է արտադրությանը։
«Մենք քիչ ենք արտադրում և շատ ենք սպառում, ինչը տնտեսության կայուն զարգացման տեսանկյունից լուրջ ռիսկ է։ Բացի այդ, բարձր փոխարժեքը և թանկ դրամի քաղաքականությունը զգալիորեն թանկացնում են արտահանումը՝ նվազեցնելով տեղական արտադրանքի մրցունակությունը արտաքին շուկաներում։ Սա հատկապես զգայուն է արտադրական և վերամշակող ոլորտների համար։ Մեր տնտեսության ներկայիս վիճակի մասին խոսում են նաև նախորդ տարվա արձանագրված ցուցանիշները։ Տնտեսական աճը մեծապես պայմանավորված է արհեստական գործիքներով, և առաջին հերթին՝ արտահանմամբ։ Այն հիմնականում իրականացվում է Ռուսաստանի ուղղությամբ կամ ռուսական ապրանքների համար նախատեսված այլ շուկաներով։ Այս գործընթացը նպաստում է դրամի փոխարժեքի բարձրացմանը, սակայն կա ևս մեկ կարևոր հանգամանք։ Իշխանությունը տվյալ պահին իրականացնում է շատ մեծ ծախսեր՝ միաժամանակ բարձրացնելով պետբյուջեի պարտավորությունները և ակտիվորեն օգտագործելով դրանք։ Իրականում սա կարելի է դիտարկել որպես ընտրողների թիրախավորման նպատակով իրականացվող բյուջետային նախընտրական քարոզ, երբ բյուջեի հաշվին ծախսերը «բալանսավորված» են ներկայացվում, բայց իրական ծավալներով դրանք շատ մեծ են։
Վերջին տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.1%, սակայն իրական տնտեսական աճը գնահատվում է մոտ 7.5%։ Այդ աճից մոտ 1.5 տոկոսային կետը ձևավորվել է վերջին ամիսների ժամանակավոր գործոնների ազդեցությամբ, իսկ շուրջ 5.4 տոկոսային կետը՝ պետական ծախսերի և բյուջետային դեֆիցիտի հաշվին։ Սա նշանակում է, որ տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված չէ տեղական արտադրության կամ արտադրողականության աճով, այլ ֆինանսավորվել է պետական պարտքի ավելացման միջոցով։ Արդյունքում տնտեսությունը զարգանում է ոչ թե իր ներուժի, այլ պարտքային ռեսուրսների հաշվին, ինչը ստեղծում է ապագա ճգնաժամերի ռիսկ»,- ընդգծում է Միքայելյանը։
Նրա խոսքով՝ տնտեսությունն այժմ պետք է առողջացվի՝ կենտրոնանալով արտադրողականության բարձրացման, ներդրումների խթանման, տեղական ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացման վրա։