«Հրապարակ». Ներքին Շորժա ու Վերին Շորժա համայնքները դատարկվում են
07/02/2026 09:05

«Հրապարակ». Ներքին Շորժա ու Վերին Շորժա համայնքները դատարկվում են

«Հրապարակ» թերթը գրում է. «2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա համայնքների որոշ բնակիչներ հեռացան, ովքեր էլ մնացին` ձմռան ամիսներին գնում են, գալիս են միայն ամռան սեզոնին: Տեղացիներն ասում են, որ այս համայնքների մշակվող հողերն այժմ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ներքին Շորժայի վարչական ղեկավար Արամ Մինասյանը մեզ ասաց. «Ոչ մի բնակիչ չկա, ով էլ եղել է, հիմա Վարդենիսում կամ Ակունքում են ապրում: Երբ գարունը բացվի, բնակիչները կգան»: 

Ինչո՞ւ չեն բնակվում` ճանապարհները փա՞կ են։ «Երևի հարմար չի` բուքը շատ է, ճանապարհները փակ են: Ես անձամբ Վարդենիսում եմ բնակվում: 2 տարի է, ինչ այս վիճակն է: Մինչև 2020 թիվը 13 ընտանիք բնակվում էր, 20 կանգուն տուն ունենք, մարդիկ հողագործությամբ և անասնապահությամբ էին զբաղվում»: Իսկ համայնքին պատկանող գյուղատնտեսական հողերի ինչ-որ մաս անցե՞լ է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ «Բարձունքներից, որտեղ հսկում են ադրբեջանցիները, ամեն ինչ տեսանելի է: Նույնը մեր սարից է երևում: 2 սարերի արանքում պոստեր են: Էդ տարածքում մենք վարելահող չունենք, էդտեղ արոտավայր է: Առաջ էդ տարածքները որ կային` մինչև սովետի ժամանակվա սահմանը, իրենք առաջ են եկել, բարձրացել են սարը` տեսանելի է: Մարդիկ ռիսկ չեն անում, որ գնան այդ հատվածը, որը հսկվում է ե՛ւ մեր կողմից, ե՛ւ ադրբեջանցիների»: 

Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտեմ Երանոսյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասաց, որ հիվանդ է: Այրք համայնքի ղեկավար Կամո Ղազարյանն ասաց. «Այդ հարցերն ուղղեք Վարդենիսի համայնքապետարանին, մենք իրավասու չենք այդպիսի հարցերի պատասխանել»»։