.png)
Բաքվում բարձրացրեք հայ պատանդների և Արցախի ժողովրդի վերադարձի հարցը. Բեգլարյանի կոչը՝ Վենսին
Խնդրում ենք, հորդորում ենք, նույնիսկ պահանջում ենք, որ Բաքու այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հստակ ներկայացնի բոլոր 19 հայ պատանդների անհապաղ ազատ արձակման հարցը, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ գործնական քայլերը և Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար գործնական մեխանիզմների ստեղծումը։ Այս մասին ՀՀ նախագահականի հարակից տարածքում Վենսին դիմավորելու ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Թեև լավ կլիներ, որ Վենսը սկզբից գնար Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին, սակայն նույնիսկ հիմա, երբ առաջինը այցելել է Հայաստան, նա հնարավորություն ունի մեծ լավություն անել հայ ժողովրդին և կատարել նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ ոչ միայն վերադարձնելու հայ գերիներին, այլ նաև հետամուտ լինելու հայ ժողովրդի դեմ հալածանքների գոնե մի մասի վերացմանը»,- ասաց նա։