.png)
3 օրը շատ լավ ցուցանիշ է. Ավանեսյանը չբացառեց առողջության ապահովագրության շրջանակներում հերթագրման սկզբունքի կիրառումը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի կարծում, որ առողջապահական ապահովագրության շրջանակներում բուժծառայություն ստանալու համար մարդիկ երկար են սպասում։
«2025 թվականին էլ պետպատվերի շրջանակներում հերթագրման առավելագույն ժամկետը եղել է մեկ ամիս։ Արդյո՞ք սա լավ ցուցանիշ է, թե՞ վատ՝ կարծում եմ՝ շատ լավ։ Որոշ ծառայությունների մասով, օրինակ՝ վերականգնողական, ունեցել ենք ավելի երկար ժամկետներ՝ 2–3 ամիս։ Այսինքն՝ 2025 թվականին էլ պետպատվերի շրջանակներում բուժօգնության կարիք ունեցող բոլոր քաղաքացիները ստացել են այն, որոշ ծառայությունների դեպքում՝ մինչև մեկ ամսվա հերթագրման սկզբունքով»,– ասաց նա։
Անդրադառնալով կոնկրետ դեպքին, երբ ապահովագրության շրջանակներում ծառայությունը տրամադրվել է երեք օրվա ընթացքում, նախարարը նշեց, որ դա նույնպես «շատ լավ ցուցանիշ է»։
«Ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ և հասկանալ, որ ցանկացած ծառայություն ստանալու գործընթացը պետք է լինի գրագետ, հարմար և, այո, նաև ժամանակ է պահանջում»,– ասաց նա՝ օրինակ բերելով եվրոպական երկրներում մասնագետների հասանելիությունը։ Նրա խոսքով՝ այդ համատեքստում երեք օրը իսկապես լավ ցուցանիշ է առողջապահական համակարգերի համար։
Իսկ թե առողջության ապահովագրության շրջանակներում արդյոք կլինի հերթագրման սկզբունքի կիրառում՝ նշեց, որ գուցե։
«Ապահովագրությունը բժշկական ծառայությունների հասանելիություն է՝ ըստ անհրաժեշտության և կարիքի։ Այո, կլինեն ծառայություններ, որոնք գուցե ենթարկվեն հերթագրման, սակայն առաջին փուլի արդյունքները լավատեսություն են ներշնչում, որ այդ հերթագրումները երկար չեն լինի։ Առաջին եռամսյակը ամփոփելուց հետո արդեն հստակ կխոսենք»,– ասաց նա։
Նախարարը նաև ընդգծեց, որ ապահովագրության շրջանակներում բուժհաստատություններ դիմելիությունը աճել է, մարդիկ գոհ են և հասկանում են, որ բժշկական ծառայությունները դարձել են ավելի հասանելի։