.jpg)
Ռուսաստանում սոցցանցերը արգելափակվել են
WhatsApp-ի դոմենը անհետացել է Ռուսաստանի ազգային դոմենային համակարգից, հայտնել է «Կոմերսանտ»-ը։
Փետրվարի 10-ին YouTube-ի դոմենը նույնպես ամբողջությամբ անհետացել էր DNS սերվերներից։ Այդ ժամանակ TelecomDaily-ի գլխավոր տնօրեն Դենիս Կուսկովը պարզաբանել էր, որ DNS սերվերներից դոմենի անհետացումը փաստացի նշանակում է ծառայության ամբողջական արգելափակում։ Միևնույն ժամանակ, գործնականում շատ օգտատերերի համար Ռուսաստանում առանձնապես ոչինչ չէր փոխվել, քանի որ ծառայությունից առանց VPN-ի գրեթե հնարավոր չէր օգտվել։
Դեկտեմբերի վերջին էլ «Ֆոնտանկա»-ն գրել էր, որ ռուսաստանցիները սկսել են դժվարությունների հանդիպել WhatsApp-ն օգտագործելիս։ Ավելի ուշ ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսկոմնադզոր») հայտարարել էր, որ Ռուսաստանի օրենսդրության խախտումների պատճառով WhatsApp-ի նկատմամբ սահմանափակող միջոցներ են կիրառվում։ Եթե պահանջները չկատարվեն, հավելվածը կարող է ամբողջությամբ արգելափակվել։
Ռուսաստանի ազգային դոմենային համակարգից հեռացվել են նաև Facebook և Instagram կայքերը։ Այս հարթակները պատկանում են Meta կորպորացիային, որի գործունեությունը Ռուսաստանում արգելված է դեռևս 2022 թվականից: Չնայած դրան, որոշ օգտատերեր մինչ այժմ կարողանում էին օգտվել այդ կայքերի վեբ տարբերակից։ Այժմ Facebook.com կամ Instagram.com հասցեները բացելիս օգտատերը ստանում է սխալի հաղորդագրություն, որը վկայում է, որ դոմենը գոյություն չունի համակարգում: