Համընդհանուր ապահովագրությունը պետք է հարցեր լուծի, ոչ թե նոր խնդիրներ ստեղծի. Գևորգ Գրիգորյան (Տեսանյութ)
16/02/2026 17:55

Համընդհանուր ապահովագրությունը պետք է հարցեր լուծի, ոչ թե նոր խնդիրներ ստեղծի. Գևորգ Գրիգորյան (Տեսանյութ)

 

 «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով քննարկման ընթացքում բժիշկ Գևորգ Գրիգորյանը մի շարք խնդիրներ բարձրաձայնեց՝ անդրադառնալով համակարգի գործարկման առաջին շաբաթների փորձին։

Նրա խոսքով՝ թեև համընդհանուր առողջության ապահովագրությունը Հայաստանի համար անհրաժեշտություն է և կարող է դառնալ  փրկօղակ պացիենտների համար, սակայն այն ներդրվում է լուրջ թերություններով։

«Գրեթե 1,5 ամիս է՝ համակարգը գործում է, բայց բազմաթիվ բուժկենտրոններ դեռ չունեն գնացուցակներ, համապատասխան կոդեր և չեն կարողանում այդ կոդերով պացիենտներին սպասարկել։ Իմ ծանոթներն ասում են, որ որոշ բուժկենտրոններում առաջարկում են այլ կոդերով սպասարկել, մինչև խնդիրը կլուծվի։ Նման կերպ առողջության ապահովագրություն չեն ներդնում»,-ասաց Գրիգորյանը։

Բժշկի գնահատմամբ՝ համակարգը պետք է լուծի առողջապահական ոլորտում առկա խնդիրները, ոչ թե նոր բարդություններ ստեղծի։

«Մենք վստահ ենք, որ համընդհանուր առողջության ապահովագրությունն անհրաժեշտ է Հայաստանի համար։ Բայց ոչ այս կերպով, ոչ բուժաշխատողի տանջանքը կոպեկներով վարձատրելու հաշվին և ոչ այն մեթոդաբանությամբ, որ հիմա կիրառվում է։ Համակարգը պետք է հարցեր լուծի, ոչ թե նոր հարցեր առաջացնի»։

Գրիգորյանի խոսքով՝ փոխհատուցումների կառուցվածքում բժշկի աշխատավարձի բաժինը չնչին է։

Քննարկման կազմակերպիչները, ըստ նրա, պաշտոնական հրավերներ են ուղարկել առողջապահության նախարարությանը, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովին և այլ պատասխանատու կառույցների՝ լսելու հակափաստարկներն ու ձևավորելու կառուցողական քննարկում։ Սակայն, բժիշկի փոխանցմամբ, պատասխանատու մարմինների ներկայացուցիչները չեն մասնակցել հանդիպմանը։

Գրիգորյանը նաև ասաց, որ ընդունված և արդեն գործող օրենքը, իր կարծիքով, խախտում է պացիենտի հիմնարար իրավունքները։

 

Համընդհանուր ապահովագրությունը պետք է հարցեր լուծի, ոչ թե նոր խնդիրներ ստեղծի. Գևորգ Գրիգորյան (Տեսանյութ)