.png)
Ամեն ինչ հիմա ավելի վատ է, քան կար․ բժիշկը՝ առողջության պարտադիր ապահովագրության մասին (Տեսանյութ)
«Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով քննարկման ընթացքում բժիշկ Կարինե Աղալարյանը նշեց՝ բժշկական ապահովագրությունը երազանքի նման էր, թվում էր՝ Հայաստանում չի գալու այդ օրը, նպատակն էր, որ լավ լինի ժողովրդի համար, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ են հիմա տարանջատում բժիշկներին։
«Երբ նախագիծ է մշակվում, առաջնային պետք է մտածել կատարողների մասին։ Ի սկզբանե, երբ ներկայացնում էին ծրագիրը, խոսում բարեփոխումների մասին, բժիշկների մասին շատ փոքր տողով էր խոսվում ընդամենը, և այժմ պարզ է, որ այդ բարեփոխումները այնպիսին են, ասես մարդիկ խնդրի խորությունը չեն գիտակցում։ Շատ բժիշկների կողմից համախմբված կարծիք եմ ուզում հայտնել, որ այս բարեխոփումների ժամանակ կրկին անտեսված են բժիշկները։ Բժիշկների մի մասն էլ լռում է, քանի որ չի հավատում, որ ինչ- որ բան կփոխվի։ Այդպես լռելով էլ շատ բժիշկներ դուրս կգան աշխատանքից, որոշ մասն էլ դեռևս չի պատկերացնում, թե ինչ է կատարվում։ Եթե ապահովագրությունը լավ մշակվեր, շատ լավ կարող էր աշխատել»,-նշեց Աղալարյանը։
Նրա խոսքով՝ ամեն ինչ հիմա ավելի վատ է, քան կար, խնդիրներ կան «Արմեդ» ծրագրի հետ, որոշ կոդեր դեռևս բաց չեն.
«Եթե որակով առողջապահություն ենք ուզում, ապա եկեք պատշաճ վերաբերվենք բժիշկներին։ Նախարարությունը բնակչության մեծ ծավալի հոսք է ապահովում դեպի բուժկենտրոններ, բայց կոդերը դեռևս պատրաստ չեն։ Տեսակետ կա, որ նույն գումարն են բժիշկները ստանալու, ինչ նախկինում, պարզապես պետք է մի քիչ ավելի շատ պացինետների սպասարկել, բայց դա բնավ այդպես չէ։ Շարունակելու ենք ընդունել նույն թվով պացինետների, բայց ստանալու ենք տասնապատիկ քիչ գումար։ Շատ վատ մտածելակերպ է, թե պետք է քանակով լուծել խնդիրը»։