Կարևոր է, որ մասնագիտական համայնքը պասիվ դիտորդ չլինի համընդհանուր ապահովագրության հարցում․ Ծաղիկ Վարդանյան
16/02/2026 19:49

Կարևոր է, որ մասնագիտական համայնքը պասիվ դիտորդ չլինի համընդհանուր ապահովագրության հարցում․ Ծաղիկ Վարդանյան

«Մինչև 18 տարեկանների համար էական փոփոխություն գրեթե չկան, նրանք նախկինում էլ պետական պատվերով սպասարկվում էին, պոլիկլինիկական ծառայությունները շարունակվում են նույն տրամաբանությամբ։ Բայց առաջնային օղակում արդեն տեսանելի է ծանրաբեռնվածության խնդիրը։ Կան թերապևտներ, որոնք նշում են, որ ունեն օրական 80 և նույնիսկ 100-ից ավելի այց։ Թեև սահմանված են միջին ցուցանիշներ, զուգահեռ կան նաև դրանցից էական շեղումներ։ Պետք է  գիտակցել, որ բժշկի աշխատանքի համար կան կենսունակության որակի չափորոշիչներ, և դրանք անտեսելը վտանգավոր է»,-  «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով կազմակերպված քննարկման ընթացքում ասաց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ համընդհանուր առողջության ապահովագրության համար շատ կարևոր է  բժշկական կազմակերպությունների մասնակցությունը։

«Պաշտոնական տվյալներով՝  շուրջ 413 բժշկական կազմակերպություն արդեն իսկ միացել է  ապահովագրական փաթեթին։ Սակայն այստեղ հարց է առաջանում․ ապահովագրական համակարգին միանալը ենթադրում է պայմանագրային հարաբերություն՝ ապահովագրական հիմնադրամի և բժշկական կազմակերպության միջև։ Այս պահին լիարժեք պայմանագրային համակարգը  վերջնականապես ձևավորված չէ և կարծես թե պարզապես պետական պատվերի շարունակությունն է։ Այսինքն՝  փաստացի գտնվում ենք նախնական փուլում, երբ պետք է հասկանալ, այս կերպ կարելի՞ է աշխատել, թե՞ ոչ։ Հետևաբար, այս փուլում շատ կարևոր է, որ մասնագիտական համայնքը չլինի պասիվ դիտորդ»։