.png)
Մենք փորձել ենք ադրբեջանցի գործընկերներին բացատրել, որ խաղաղության տրամաբանության մեջ չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում. Նաիրա Սուլթանյան
Սա հնարավորություն է, և ափսոս կլինի չօգտվել այդ հնարավորությունից. այս մասին Ծաղկաձորում նախաձեռնության երրորդ համաժողովի ամփոփիչ ասուլիսում ասաց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանը։
Նրա խոսքով՝ փորձել են հայաստանյան օրակարգը հասցնել Ադրբեջանում որոշում կայացնողներին, ինչպես նաև այդ երկրի հանրությանը։
Սուլթանյանը նշեց, որ քաղաքացիական հասարակությունը չպետք է անմասն մնա խաղաղության գործընթացներից։ Նրա խոսքով՝ Ծաղկաձորի հանդիպմանը երկու կողմերն էլ ազատորեն քննարկել են իրենց հուզող հարցերը։
«Մեր դեպքում հիմնական հարցը գերիներն են։ Այս խումբը չունի իրավազորություն անմիջականորեն ազդելու գործընթացների վրա, բայց կարող է հանրային կարծիք ձևավորել։ Մենք հերթական անգամ փորձել ենք ադրբեջանցի գործընկերներին բացատրել, որ խաղաղության տրամաբանության մեջ չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում։ Իրենք էլ բարձրացրել են իրենց հարցերը՝ օրինակ ականների քարտեզների, 90-ականներին անհայտ կորածների թեման։ Մենք հստակ պատասխաններ չունենք և փորձում ենք որոշ տեղեկություններ ճշտել»,– ասաց նա։