Եկեղեցականների մասին զրպարտող հայտարարությունները նախընտրական պրոցեսում որոշակի լարվածություն առաջացնելու գործիք են, որին հանրությունը չպետք է տրվի. իրավապաշտպան
17/02/2026 12:40

Եկեղեցականների մասին զրպարտող հայտարարությունները նախընտրական պրոցեսում որոշակի լարվածություն առաջացնելու գործիք են, որին հանրությունը չպետք է տրվի. իրավապաշտպան

Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավն օր-օրի ավելի լայն թափ է ստանում։ Թիրախավորվում, քրեական հետապնդման են ենթարկվում հոգևորականները։

Օրեր առաջ էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական «Дождь»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայ առաքելական սուրբ եկեղեցու «4-5 բարձրաստիճան հոգևորականներ մանկապղծության մեջ են թաթախված»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է՝ ցանկացած անձի նկատմամբ զրպարտող հայտարարություններ անելն անտեղի է ու չի կարելի օրենքով։

«Կարծում եմ՝ կա իրավական պաշտպանության մեխանիզմ՝ դիմել դատարան սուտ մատնության, զրպարտանքի հոդվածներով, ես շատ կողջունեի, որպեսզի եկեղեցին այդպիսի օրինական պաշտպանության միջոցներից օգտվեր»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանի համար անընդունելի է, որ անընդհատ նմանատիպ հայտարարություններ են հնչում եկեղեցականների նկատմամբ, բայց եկեղեցին անպատասխան է թողնում դրանք։

Զարուհի Հովհաննիսյանը ՔՊ-ականների՝ եկեղեցու հասցեին զրպարտող հայտարարությունները կապում է նաև նախընտրական գործընթացների հետ։

«Սա նախընտրական պրոցեսում որոշակի լարվածություն առաջացնելու գործիք է, որին հանրությունը չպետք է տրվի, այս ամենը պետք է լուծվի իրավական ճանապարհով»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է Ալեն Սիմոնյանից պահանջի հայտարարությունը հաստատող փաստեր, իրավապաշտպանն ասում է՝ պարտադիր է սա։

«Եթե չներկայացվի՝ պետք է լինեն իրավական հետևանքներ, համենայնդեպս, սա կլինի հանրային մի միջոց, որտեղ հանրությունը կարող է իրավական ճանապարհով արձագանքել, հետևել այդ դատավարությանը»,- ասաց նա։

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ չկա ինստիտուտ, որտեղ չլինեն արատավոր երևույթներ ու քննադատել, միջամտել միշտ կարելի է, բայց երբ դա արվում է օրենքի խախտմամբ, այսինքն՝ ինքնավար կառույցի խնդիրներին միջամտել, ասել, թե ով պետք է լինի ղեկավար, արդեն իրավական կատեգորիաներ են, պետության կողմից խառնվել կամ միջամտել ինքնավար կառույցի գործունեությանը՝  իրավունքի խախտում է։

Իրավապաշտպանը կարծում է, որ միայն դատարաններն են, որ կկարողանան Նիկոլ Փաշինյանին ասել՝ չի՛ կարելի միջամտել եկեղեցու ներքին գործերին։

«Ուղղակի ես չեմ տեսնում եկեղեցու կողմից դատարան դիմելու ու իրավունքները պաշտանելու հստակ քայլեր, օրենսդրորեն միակ անկախ կառույցը դատարանն է, ցանկացած վեճ, ի վերջո, լուծվում է դատական կարգով, եթե դրանք անհատական թիրախավորումներ են, շատ ավելի դժվար է, բայց, օրինակ, կառույցի ինքնավարությունը խախտելու, զրպարտության կամ սուտ մատնության դեպքերով հնարավոր է դիմել դատարան ու հասարակությունը կկարողանա հետևողականորեն դիտարկել, թե ինչպիսի քայլեր է իրականացնում դատարանը»,- հավելեց Զարուհի Հովհաննիսյանը։

Հեղինակ`Անի Վարդանյան
Եկեղեցականների մասին զրպարտող հայտարարությունները նախընտրական պրոցեսում որոշակի լարվածություն առաջացնելու գործիք են, որին հանրությունը չպետք է տրվի. իրավապաշտպան