«Պետական ռեկետ և գերշահույթ՝ օնլայն տաքսու վարորդների հաշվին». Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)
18/02/2026 17:09

«Պետական ռեկետ և գերշահույթ՝ օնլայն տաքսու վարորդների հաշվին». Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)

«Օնլայն տաքսիների վարորդների իրավունքները տոտալ ոտնահարվում են, և Հայաստանում չկա մի կառույց՝ ո՛չ Մարդու իրավունքների պաշտպանը, ո՛չ ՏԿԵՆ-ը, ո՛չ էլ մեկ ուրիշը, որ զբաղվի նրանց իրավունքների պաշտպանությամբ»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ  Մեսրոպ Մանուկյանը։

Նա նշեց, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին են դիմել տաքսու վարորդներն ու խնդրել բարձրաձայնել իրենց խնդիրները։

Ավագանու անդամի խոսքով, օնլայն տաքսի ծառայություններում աշխատում է մոտ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար տաքսի վարելը միակ աշխատանքն է։ Նրանք աշխատում են շուրջ 12 ժամ։

«Այս մարդկանց աշխատածը ամսական 200 հազար դրամից ավելի է, վարորդները 4-5 տոկոս պետտուրք են վճարում, բայց չեն համարվում գրանցված աշխատող, այսինքն՝ սա պետության կողմից ռեկե՞տ  է: Եթե ռեկետ չէ, բա դու պետություն, այս վարորդներին ի՞նչ ես հետ տալիս: Գերշահույթ եք ստանում՝ օնլայն տաքսու վարորդների հաշվին»,- նկատեց Մեսրոպ Մանուկյանը:

 Հիշեցնենք, որ Բրազիլիայի հրապարակում իրականացվում է ստորագրահավաք օնլայն տաքսու վարորդների կողմից: Նրանց բողոքը վերաբերում է բոլոր օնլայն տաքսիներին. պահանջում են, որ ամեն պատվերից վարորդից գանձվող տոկոսադրույքն իջեցվի, իրենք էլ գրանցվեն որպես օրինական աշխատողներ, որ կարողանան նաև օգտվել Առողջության համընդհանուր ապահովագրությունից։

Վարորդները պատրաստվում են իրենց պահանջ-բողոքն առաջիկա օրերին ներկայացնել կառավարություն։

«Պետական ռեկետ և գերշահույթ՝ օնլայն տաքսու վարորդների հաշվին». Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)