.jpg)
«Հրապարակ». Արամ Սարգսյանը կարծում է, որ իշխանությունը «քցում» է իրենց, քանի որ նույն էլեկտորատն ունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում խոսում են, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ի սկզբանե մտադիր է եղել Փաշինյանի հետ մեկ ցուցակով մասնակցել համապետական ընտրություններին, սակայն նրա առաջարկը մերժվել է, և գլխավոր պատճառն այն է, որ Փաշինյանը պատասխանել է՝ Վեհափառի աջը համբուրած մարդը չի կարող տեղ գտնել իր գլխավորած ցուցակում։ Արամ Զավենիչը փորձել է արդարանալ, այդ մասով պարզաբանումներ է տվել և հետագայում անգամ հրապարակային դիրքորոշում է հայտնել Փաշինյանի՝ Եկեղեցին «բարեկարգելու» ծրագրի վերաբերյալ, բայց նրան չեն ներել:
Իհարկե, կա նաև այլ նպատակ` երկրորդ ուժ մտցնել ԱԺ, որի հետ անհրաժեշտության դեպքում կոալիցիա կկազմեն ու իշխանություն կվերցնեն: Սակայն Արամ Սարգսյանը կարծում է, որ իշխանությունը «քցում» է իրենց, քանի որ նույն էլեկտորատն ունեն, Երևանի ավագանիում գրեթե մեկ միասնական ուժ են ներկայանում, և քիչ հավանական է, որ իրենք անցողիկ շեմը հաղթահարեն․ իշխանություն ընտրող մարդիկ ՔՊ են ընտրելու, ինչո՞ւ պետք է «Հանրապետությանը» ձայն տան։ Հիմա որոշել են, որ Արամ Սարգսյանը որոշ հարցերում սկսի քննադատել իշխանություններին, որպեսզի իշխանությունից հիասթափվածների և նախկիններին մերժողների ձայները ստանա»։