.jpg)
Տաքսու վարորդները պարզապես լավ չգիտեն իրենց կարգավիճակը և իրավունքները․ Գագիկ Մակարյան
«Երբ կառավարությունը որոշում ընդունեց, որ տաքսու վարորդները պետք է դառնան հարկատու և ամսական վճարեն փոքր գումար, շատ վարորդներ ընդվզեցին այդ որոշման դեմ՝ նշելով, որ իրենց ցածր եկամտի դեպքում դա նպատակահարմար չէ և որոշեցին այլընտրանք գտնել՝ միանալով «Յանդեքս» կամ այլ տաքսի ծառայությունների համակարգին, որտեղ ընկերությունն է վճարում հարկերը», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
Տնտեսագետի խոսքով՝ այդ վարորդներից շատերը մի քանի ժամ վարում են տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների համար, իրենց՝ այսպիսով ազատվելով հարկ վճարելու բեռից։
«Վարորդներն իրենք են ընտրել այդ ճանապարհը, ուստի դրանից հետո բողոքելու իմաստ չեմ տեսնում։ Նրանց տրված էր հարկատու լինելու և դրանից բխող առավելություններից օգտվելու հնարավորություն, որն իրենք չեն օգտագործել, փոխարենը՝ շատ ժամանակ առանց տաքսու նշանի են վարում, կամ էլ մի քանի ժամով վարում «Յանդեքսի» կամ այլ ընկերության համար։ Փաստացի, մի շարք վարորդներ շարունակում են կիրառել նախկին՝ ստվերային մոդելը», - ասել է Մակարյանը։
Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ այս պարագայում բողոքների պատճառը հաճախ անհիմն սպասելիքներն են, կամ էլ իրավական անտեղյակությունը, ոչ թե օրենքի խախտումը:
«Յանդեքսը» Հայաստանում ամենախոշոր հարկատուներից է՝ մոտ 60 000 վարորդով, ինչը գերազանցում է բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների: Վարորդները ճկուն աշխատաժամերով են, կարող են միանալ կամ անջատել համակարգը ցանկացած պահի, և նրանց փոխարեն ընկերությունը վճարում է հարկերը», - ասել է Մակարյանը։
Անդրադառնալով վարորդների hիմնական մտահոգությանը՝ «մենք վճարում ենք հարկեր, բայց չենք համարվում գրանցված աշխատող, հետևաբար, չենք ստանալու թոշակ», տնտեսագետն ասել է․
«Իրականում նրանք, ովքեր անցել են «Յանդեքսի» համակարգով աշխատանքի, արդեն պաշտոնապես ձևակերպված են որպես աշխատող, և նրանց հարկերը վճարվում են ընկերության կողմից։ Շատ վարորդներ չեն պատկերացնում, թե ինչպես են ձևակերպված, կամ ձևակերպվա՞ծ են, թե՞ ոչ, հատկապես նրանք, ովքեր աշխատում են տարբեր տեղերում: Այդ անտեղյակությունից ելնելով՝ նրանք հաճախ խոսում են այնպես, որ ստեղծվում է տպավորություն, որ իրենք շատ տուժած և անտեսված են: Սակայն իրավական տեսանկյունից պարզ է, որ վարորդները հաճախ պարզապես լավ չեն հասկանում իրենց կարգավիճակը և իրավունքները: Եթե կան խախտումներ, դեպքեր, երբ վարորդների իրավունքները խախտվել են, նրանք, բնականաբար, պետք է բարձրաձայնեն խնդիրը, իսկ խախտված իրավունքները՝ վերականգնվեն։ Սակայն, եթե ոչ թե իրավունքներն են խախտվել, այլ խնդիրներ են առաջացել իրենց կամ իրենց ղեկավարության անփութության պատճառով, հարկերից խուսափելու փորձի պատճառով, ապա վարորդները պետք է մեղադրեն նախևառաջ իրենց»։
Հիշեցնենք, որ այսօր տաքսու վարորդները դուրս էին եկել բողոքի ակցիայի և ստորագրահավաք էին իրականացնում՝ պահանջելով, որ պատկան մարմինները լուծում տան օնլայն տաքսի ծառայությունների խնդիրներին։