.png)
Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի նախագահ
Աթենքում մեկնարկել է Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի խորհրդարանի նախագահի հանդիպումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Աթենքից, Նիկիտաս Կակլամանիսը, ողջունելով ՀՀ նախագահին, նշել է, որ Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը։
«Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Սա շատ լավ առիթ է քննարկելու երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Վերահաստում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին։ Բոլոր արդար պահանջները, որոնք կներկայացնի Հայաստանը, կարժանանան սատարման Հունաստանի կողմից»,-ասել է Հունաստանի խորհրդարանի նախագահը։
Երկու երկրների գործակցությունը զարգացնելու, ամրապնդելու գործում Հունաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է նաև հայ համայնքի դերը։
ՀՀ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի ու Հունաստանի հարաբերությունները պատմականորեն կարևոր նշանակություն են ունեցել։
Նրա խոսքով` Հայաստանի անկախությունից հետո այդ հարաբերությունները բավական դինամիկ զարգացում են ապրել։
«Մեր երկկողմ հարաբերություններն առավել կարևորվում են այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանը փորձում է տարածաշրջանում հաստատել խաղաղություն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանի իշխանություններին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, հատկապես մեր երկրի համար դժվարին իրավիճակում»,-ասել է ՀՀ նախագահը։
Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումն ընդգրկուն օրակարգ ունի։