Ինչ է շրջակա միջավայրի լուսային աղտոտումը
19/02/2026 13:57

Ինչ է շրջակա միջավայրի լուսային աղտոտումը

Շարունակում ենք քննարկել շրջակա բնական միջավայրի անաղարտ պահելու ու այն որպես ապրելու միջավայր սերունդներին հանձնելու բարդ ու պատասխանատու թեման։

Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ հերթական զրույցի թեման լույսն է, որը մեծագույն շնորհ լինելուց բացի, այո՛, ինչքան էլ տարօրինակ հնչի նաև կարող է աղտոտել միջավայրը։

Շրջակա միջավայրի լուսային աղտոտումը՝ ավելցուկային արհեստական լուսավորությունն է, որը լուսավորում է գիշերային երկինքը՝ նեգատիվ ազդեցություն թողնելով մարդու առողջության վրա, ապակողմնորոշելով կենդանիներին, խանգարելով աստղագիտական դիտումներին և առաջացնելով էներգիայի անհարկի մեծ գերծախսեր, ինչպես նաև քայքայելով էկոհամակարգեր։

Լուսային աղտոտման հիմնական աղբյուրներն են քաղաքային լուսավորությունը, գովազդը, լուսարձակները և այլն։ Լուսային յուրահատուկ «արտանետման» շնորհիվ խնդրահարույց է դառնում մթնոլորտային փոշուց լույսի ցրման երևույթը։

Գիտնականները վաղուց խոսում են այն մասին, որ քաղաքների լուսային աղտոտումը բերում է էկոլոգիական համակարգերի կենսաբանական ցիկլերի խախտման։ Մեծ Բրիտանիայի Պլիմատա համալսարանի հետազոտողների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով ապացուցվել է, որ մերձափնյա քաղաքների արհեստական լուսավորությունը ծովային կենդանիների բնակատեղիների երեք քառորդի վրա ազդեցություն է ունենում։

Բուսական և կենդանական աշխարհը կախվածություն ունի լույսի և մթության օրական ցիկլից։ Գիշերային կենդանիները ցերեկը քնում են և ակտիվ են գիշերը։ Լուսային աղտոտումը էականորեն փոխում է դրանց բնակատեղիի վիճակը՝ գիշերը վերածելով ցերեկվա․․․

Այսօր Երկրի մակերևույթի մոտ 23 տոկոսը գտնվում է լուսային աղտոտման տիրույթում։ Բնակչության 80 տոկոսը դա զգում է սեփական մաշկի վրա։ Աշխարհում ավելի ու ավելի է շատանում արհեստական լույսը, ինչպես նաև դրանցով լուսավորվող տարածքների մակերեսը․․․

Պարզվում է, որ էներգիասպառման տեսանկյունից արդյունավետ լամպերը, որոնք փոքրացնում են ջերմոցային գազերի քանակը, շրջակա միջավայրի վրա ավելի վատ են ազդում, քան ավանդական դեղին լույսով լամպերը։ Բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ «էկոլոգիապես մաքուր» փողոցային լուսադիոդային լամպերը միջատների համար առաջացնում են լուսային տհաճ, վնասակար աղտոտում։ Պարզ է, որ դրանց գոյությունը մարդու համար կարևոր էկոհամակարգերում պարզապես անհրաժեշտ են։

Բայց մարդը ավելի է ձգտում նոր լույսի աղբյուրների։ Էներգախնայողությունից առաջացած օգուտը փաստորեն կարող է անհետանալ, կորչել․․․․

Լուսային աղտոտման պատճառներն են՝

․Լուսամփոփների, լուսարձակների ոչ օպտիմալ կառուցվածքը, երբ լույսը նրանցից ուղղվում է կամ դեպի վեր, կամ էլ այն ուղղությամբ, որտեղ դրա կարիքը չկա,

․Պայծառության անհարկի բարձր աստիճան, երբ օգտագործվում են չնախատեսված մեծ հզորությամբ ու նպատակին չծառայող լույսի աղբյուրներ,

․Մթնոլորտում առկա փոշու հատիկները և աերոզոլները ցրում և անդրադարձնում են լույսը, դրանով անտեղի մեծացնելով բնակավայրերի ու հատկապես քաղաքների վրա երկնքում կախված «լուսային գմբեթները»,

Կենդանիները հաճախ դրանից ապակողմնորոշվում են, չվերի ժամանակ թռչունները երամներով կործանվում են, խախտվում է կենդանիների որոշ տեսակների բազմացման ցիկլը և այլն,

․Մարդու մոտ առաջացնում է ցիկլային/գիշերային/ ռիթմերի խանգարում, անքնություն, հոգնածություն, իմունային համակարգի հետ կապված խնդիրներ, ճնշում է մելատոնինի արտադրությանը, որն էլ խանգարում է քունը և այլն,

․Էկոլոգիական տեսանկյունից դա էներգիայի հզոր ու անիմաստ գերծախս է․ որը առաջացնում է լրացուցիչ արտանետումներ,

․Աստղագիտության տեսանկյունից անհնարին է դառնում աստղային երկնքի դիտումները հատկապես քաղաքներում։

Հարց է առաջանում, իսկ ինչ պետք է կատարել վիճակը նորմալացնելու համար, չէ որ մյուս կողմից էլ արհեստական լուսավորությունը խիստ անհրաժեշտ է ու ավելի հաճախ մարդը դրա պակասից կամ բացակայությունից է բողոքում

․Նախ անհրաժեշտ է օգտագործել լույսի այնպիսի արհեստական աղբյուրներ, որոնք կլուսավորեն այնտեղ, որտեղ կա դրա անհրաժեշտությունը,

․Լույսի աղբյուրը միացնել միայն ու միայն անհրաժեշտության դեպքում,

․Անցում կատարել այսպես կոչված «ջերմ» լուսադիոդների, որոնք ավելի քիչ են ազդում կենսառիթմերի վրա և նրանց արձակած լույսը մթնոլորտում ցրվում է ավելի քիչ,

․Անջատել տվյալ պահին ոչ անհրաժեշտ լույսի արհեստական աղբյուրները՝ տներում,  խանութներում, հիմնարկներում, սպորտային հրապարակներում և այլն։

Աշխարհում սկսել են էական քայլեր կատարել շրջակա բնական միջավայրը լույսով անհարկի լուսավորումից խուսափելու ուղղությամբ։

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Ֆլագստաֆե քաղաքի ղեկավարությունը, որի շրջակայքում է գտնվում հայտնի Լոուելի աստղադիտարանը և որի աշխատանքները սկսվել էին տուժել լուսային աղտոտությունից, բնականոն աշխատանքի ապահովման նպատակով որոշել են գիշերը անջատել աննպատակ լուսավորության գոտիները։ Այս լեռնային բնակավայրը 1958-ին աշխարհում ընդունեց օրենք արտաքին լուսավորման ուղղությամբ։ Այդ քաղաքին 2001-ին տրվել է «քաղաք մութ երկնքի տակ» տիտղոսը, որին աշխարհում սկսել են հետևել ու ընդօրինակել․․․

Կամո Աթայան