.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ում բուռն քննարկվում է Արարատ Միրզոյանի անսպասելի բարձր ձայները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նախընտրական ցուցակի համար ներկուսակցական ընտրություններից հետո բազմաբևեռ խոսակցությունների ու դժգոհությունների պարարտ հող է ստեղծվել։ Բուռն քննարկում են հատկապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի անսպասելի բարձր ձայները։ Նա իր գրանցած ցուցանիշով ՔՊ-ում 4-րդն է՝ Փաշինյանից, Սուրեն Պապիկյանից և Գևորգ Պապոյանից հետո։
Միրզոյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա հայտնի դեպքերից հետո, երբ դաժան ծեծի ենթարկվեց, կարծես կուսակցական ակտիվ գործունեությամբ չէր զբաղվում, իսկ վարչության վերջին ընտրություններին անգամ հայտ չներկայացրեց՝ կուսակցության ղեկավար կազմում ընդգրկվելու համար: Բացի այդ, ի պաշտոնե էլ չի ներգրավվում իշխող ուժի ագրեսիվ քարոզչությանը։ Ուստի, շատերի կարծիքով, այս ինքնամեկուսացումը պետք է հետք թողներ Միրզոյանի և նրա վարկանիշի վրա, և շարքերը նրան պետք է իր տեղը ցույց տային, բայց տեղի ունեցավ հակառակը, ինչը կնշանակի, որ անգամ ՔՊ-ում են ընդունում ու գնահատում ոչ շատ ագրեսիվ, ապակուսակցական պահվածքը:
Եթե Փաշինյանի ձայները կապված են մի շարք հանգամանքների, նախևառաջ՝ վախի գործոնի հետ, Պապոյանի ու Պապիկյանի հարցում դեր են խաղացել ՔՊ մարզային կառույցների հետ ակտիվ կապերը, ապա շարքային ՔՊ-ականների հետ, կարելի է ասել, բացարձակապես կապ չունեցող Միրզոյանն իր ձայները ստացել է, թերևս, այն պատճառով, որ չեզոք է և հավասարակշիռ։ Թեև կարծիք կա, որ նրա օգտին քվեարկել են՝ հաշվի առնելով խաղաղության գործընթացում նրա դերակատարումը»։