Երեխաների համար հատուկ ընթերցասրահների ստեղծումը կխթանի ընթերցանությունը․ Քրիստ Մանարյան
19/02/2026 21:25

Երեխաների համար հատուկ ընթերցասրահների ստեղծումը կխթանի ընթերցանությունը․ Քրիստ Մանարյան

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, արդեն 18 տարի է՝ այս օրը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Տոնը կարևոր առիթ է՝ վերահաստատելու գրքի կարևորությունը հանրային մտքի ձևավորման, գիտելիքի փոխանցման և մշակութային ժառանգության պահպանման հարցում։

Aysor.am-ը երգահան, դրամատուրգ, սցենարիստ, գրող Քրիստ Մանարյանի հետ խոսել է օրվա խորհուրդի մասին։ Մեզ հետ զրույցում Մանարյանն  ընգծել է, որ սովորաբար հարցազրույցներ չի տալիս, բայց երբ խոսքը վերաբերում է գրքերին, հատկապես՝ մանկական գրականությանը, ապա փորձում է չմերժել։

«Իմ համոզմամբ՝ երեխաները կարդում են, բայց ոչ այնքան, որքան մենք կցանկանայինք։ Մի կողմից հեռախոսները, թվային միջավայրը շեղում են ուշադրությունը, բայց մյուս կողմից էլ պետք է ընդունենք, որ մեր իրականությունն այնպիսին է, որ այսօր մարդիկ նաև այդ սարքերով էլ են կարդում։ Կարծում եմ՝ երեխաների համար հատուկ ընթերցասրահների ստեղծումը կարող է լինել ամենաճիշտ լուծումը։ Պետք է լինեն այնպիսի վայրեր, որտեղ հեռախոսներն ու մյուս շեղող գործոնները սահմանափակված կլինեն, երեխաները այնտեղ կկարդան, ինչո՞ւ չէ, նաև հանդիպումներ կունենան գրողների հետ։ Երեխաներին պետք է ծանոթացնել բազմաժանր գրականության հետ, ներկայացնել նրանց այն հեղինակներին, որոնք ստեղծագործում են իրենց համար։ Կարևոր է, որ երեխաները ճանաչեն այդ հատընտիր մարդկանց։  Օրինակ, այդ ընթերցասրահներում կարող են լինել  մարդիկ, ովքեր գրքերից հատվածներ կկարդան երեխաների համար»,-ասել է գրողը։

Անդրադառնալով իր առաջիկա ծրագրերին՝ Քրիստ Մանարյանը նշել է՝ պլաններում նոր գրքեր կան, նոր ստեղծագործություններ։

«Այսօր իմ նորագույն հեքիաթների առաջին ժողովածուի՝ «Հեքիաթներ Քրիստ Քեռուց» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ, այն նաև շարունակություն է ունենալու, «Ֆելոն և Խելառների գնացքը» վեպի երկրորդ մասը ևս պատրաստվում ենք հրատարակել, այլ ծրագրեր էլ կան»,-պատմել է հեղինակը։

Քրիստ Մանարյանը ևս մեկ անգամ կարևորել  է ընթերցանության դերը և ընդգծել․

«Այնուամենայնիվ, վստահ եմ, որ թվային միջավայրում մարդիկ կարդում են, և պարտավոր ենք անել այնպես, որ մարդիկ, երեխաները էլ ավելի շատ կարդան։ Գիտե՞ք, այն, ինչ ես կարդացել եմ տարիների ընթացքում, դա է ինձ  այսօր պահում»։

Հարցին՝ կա՞ գիրք, որը պարտադիր է ընթերցել և որից հետո երեխայի մեջ սեր կառաջանա դեպի գիրքն ու ընթերցասիրությունը, Քրիստ Մանարյանը պատասխանել է․

«Միանշանակ, այդպիսի գիրք է «Թիլ Ուլենշպիգելի արկածները», դա ինձ համար գրքերի գիրքն է. մարդ, ով չի համակերպվում անարդարության հետ և պայքարում է իր երկրի ազատությունը սահմանափակել ցանկացողների դեմ։ Դժվար է պատկերացնել ավելի պայծառ ու ազնիվ կերպար։ Չնայած, մենք ևս ունենք նման գրքերի գիրք՝ «Սասնա Ծռեր» էպոսը։ Այն, ըստ իս, մեր ամենամեծ հոգևոր ժառանգությունն է։ Այդ ամենն է, որ պետք է տեղ հասցնել երեխաներին, քանի որ այն, ինչը մանկության տարիներին տպվում է երեխաների հոգում և գիտակցության մեջ, հետո երբևէ չի ջնջվում»։   

Երեխաների համար հատուկ ընթերցասրահների ստեղծումը կխթանի ընթերցանությունը․ Քրիստ Մանարյան