Հայաստանի և Զիմբաբվեի միջև քաղաքական խորհրդակցություններ էին, քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման հարցն ու Անդրսահարյան Աֆրիկայում վերջին զարգացումները
20/02/2026 23:21

Հայաստանի և Զիմբաբվեի միջև քաղաքական խորհրդակցություններ էին, քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման հարցն ու Անդրսահարյան Աֆրիկայում վերջին զարգացումները

ԱԳՆ-ից հաղորդագրություն են տարածել.

«Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Զիմբաբվեի Հանրապետության միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Զիմբաբվեի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդիի գլխավորությամբ:

Խորհրդակցություններին նախորդել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Զիմբաբվեի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի ընդլայնման, այդ թվում՝ գյուղատնտեսության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կարողությունների զարգացման և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին:

Զրուցակիցներն ընդգծել են բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև փոխգործակցության շրջանակի ընդլայնման և առկա համագործակցության խորացման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման հարցում Հայաստանի առաջնահերթությունները: Կարևորվել է Համաժողովի ընթացքում ներառական և բազմաշահառու մասնակցության ապահովումը կենսաբազմազանության և բնապահպանության հարցերի շուրջ արդյունավետ և թիրախային քննարկումների անցկացման համար: ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է նաև COP17-ի շրջանակներում նախատեսվող Առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացին և Անդրսահարյան Աֆրիկայում տեղի ունեցող վերջին զարգացումներին»:

 

Հայաստանի և Զիմբաբվեի միջև քաղաքական խորհրդակցություններ էին, քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման հարցն ու Անդրսահարյան Աֆրիկայում վերջին զարգացումները