.jpg)
«Խաղաղության խորհրդին» նամակով դիմե՞լ, թե՞ ոչ. Մետաքսե Հակոբյանը՝ Արցախի ԱԺ խմբակցությունների դիրքորոշման մասին
«Պարզվում է, որ մեր ԱԺ-ի խմբակցություններին առաջարկ է եղել նամակով դիմել «Խաղաղության խորհրդին», սակայն հինգ խմբակցություններից երեքը դեմ են արտահայտվել՝ պարզաբանելով, որ «Խաղաղության խորհուրդը» անլուրջ մարմին է»,- այս մասին գրել է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը։ «Այսինքն՝ «ԱԺԿ», «Դաշնակցություն» և «Արդարություն» խմբակցությունները էնքան լուրջ են, որ «Խաղաղության խորհուրդը» անլուրջ է…»,-գրել է նա։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է լսում նման առաջարկի մասին և ինքը նման բովանդակությամբ քննարկման չի մասնակցել։ «Չգիտեմ՝ ով պետք է դիմեր, կամ՝ դիմե՞լ են թե՞ ոչ, ինչ քննարկման մասին է խոսքը, բայց ես անձամբ չգիտեմ նաև այն մարդուն, որը երբևէ մեզ հետ որևէ քննարկում չի ունեցել և որևէ առնչություն չունի։ Ինչպե՞ս պետք է նրա առաջարկը մեզ հասած լիներ, եթե ես նրան չեմ ճանաչում»,-ասաց Հակոբյանը՝ ենթադրելով, որ առաջարկը հենց Պետրոսյանն է արել։
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արցախի ԱԺ-ն ցանկացած գործընթաց իրականացնելիս առաջնորդվում է խմբակցություններից եկած առաջարկներով, քննարկումով և կոնկրետ ընդունված ռազմավարությամբ, որը ստորագրվել է նախագահի կողմից։
«Մենք ունենք հստակ քաղաքական կուրս, որով շարժվում ենք և այդ կուրսի շրջանակներում փոխանակվում ենք բազմաթիվ նամակներով միջազգային դերակատարների ու կառույցների կոնկրետ հասցեատերերի հետ։ Նամակները վերաբերում են արցախահայության իրավունքներին, Բաքվում պահվող մեր ռազմաքաղաքական և այլ հայրենակիցների ազատ արձակմանը, ինչպես նաև տարբեր այլ հարցերի։ Մենք վստահ ենք, որ պետք է մեր աշխատանքը շարունակենք և այլ ուղղություն չենք դիտարկում»,-ասաց նա։
Արցախի ԱԺ պատգամավորը հավելեց, որ հասարակական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները, որոնք տեղյակ չեն կատարվող աշխատանքներից, կարող են վստահ լինել, որ ակտիվ գործունեություն է ծավալվում։ «ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցելությունից առաջ հանդիպել ենք Շվեյցարիայի Վերին պալատի պատգամավորների, քրիստոնեական միջազգային կազմակերպության ղեկավարի և պատվիրակների հետ, և նամակներ ենք փոխանցել, որոնք հասել են հասցեատերերին։ Մենք փորձում ենք գտնել բոլոր հնարավոր ճանապարհները և օգտվել բոլոր հնարավորություններից։ Մեր աշխատանքը համակարգված է և շարժվում է ընդունված ռազմավարության շրջանակում՝ բոլոր խմբակցությունների ակտիվ մասնակցությամբ։ Իհարկե, հնարավոր են նոր երևույթներ, և մեր քայլերը համապատասխանեցվելու են դրանց, բայց գործընթացն ընթանում է ռազմավարության համաձայն»,-ասաց նա։
Հակոբյանը հիշեցրեց, որ 2023-ին Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ է ստեղծվել Արցախի ԱԺ-ի լիազորությամբ, որը գլխավորում է Վարդան Օսկանյանը։
«Նա ժամանակ առ ժամանակ կատարած աշխատանքները ներկայացնում է բաց աղբյուրներով, և շատ հարցեր մենք նաև հանձնախմբի միջոցով բարձրաձայնում ենք՝ հասցնելով հասցեատերերին։ Հանձնախմբի կազմում կան նաև Հայ դատի հանձնախմբից անդամներ, և, ընդհանուր առմամբ, մեր և հանձնախմբի աշխատանքը որևէ առնչություն չունի Հայաստանի իշխանությունների ընտրած աշխարհաքաղաքական ուղղությունների հետ։ Եթե մեկ ուղղություն կա, դա չի նշանակում, որ մենք պետք է շարժվենք այդ օրակարգի ուղղությամբ»,-ասաց նա։
Մետաքսե Հակոբյանը խորհուրդ տվեց հանրային գործչին անձամբ դիմել «Խաղաղության խորհրդին»։ «Նույնիսկ եթե մերժում եղել է, ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց նա կարող է իր նախաձեռնությունը շարունակել՝ իր հասարակական հիմքերի վրա։ Եթե որևէ հասարական գործիչ կարծում է, որ որևէ այլ ուղղություն կա՝ խնդրեմ, իր հնարավորություններն այդ ուղղություններով անսահմանափակ են, որևէ մեկը չի կարող սահմաններ դնել, դրանք իրար չհակասող քայլեր են»,-ասաց նա։