.jpg)
Եթե ԲԴԽ-ն չլինի՝ շատ ավելի լավ կլինի. դատարանները կլինեն ավելի անկախ, կգործեն օրենքի դաշտում, քան՝ հիմա. Երվանդ Վարոսյան
Բարձագույն դատական խորհուրդը հայտարարությամբ էր հանդես եկել՝ փաստաբաններին հորդորելով զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից։
Ըստ ԲԴԽ-ի՝ «այս երևույթները ոչ միայն վտանգում են դատական իշխանության ինքնուրույնությունը, այլ նաև խոչընդոտում են արդարադատության արդյունավետ իրականացմանը»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ՝ փաստորեն, դատարանների կողմից կայացված որոշումների հրապարակայնացումն ու կայացնող դատավորների լուսանկարների հրապարակումը ԲԴԽ-ն, չգիտես ինչու, վիրավորանք է որակում՝ ուղղված դատավորներին։
«Տարօրինակ է, եթե այդքանը հասկանում են՝ կա՛մ պետք է նման որոշում չկայացնեն, կա՛մ նման հայտարարություն չանեն»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վարոսյանը։
Նրա խոսքով՝ ծիծաղելի է, երբ ԲԴԽ-ից հայտարարում են, թե այս քայլերը «վտանգում են դատական իշխանության ինքնուրույնությունը»։
«Ո՞նց կարող են փաստաբանները միջամտել դատական իշխանության անկախությանը, հատկապես, եթե այդ անկախությունը գոյություն չունի, ԲԴԽ-ն, լավ կլիներ, զբաղվեր դատական համակարգն իրական ճնշումներից պաշտպանելով, սակայն, կարծում եմ, դա ԲԴԽ-ին հիմա չի էլ հետաքրքրում»,- նշեց փաստաբանը։
Հարցին՝ իսկ ավելի լավ չէր լինի՞, եթե, օրինակ, ԲԴԽ-ն մի օր էլ կոչով հանդես գար ու դիմեր դատավորներին՝ կոչ անելով անկախ գործել՝ փաստաբան Վարոսյանն արձագանքեց. «Եթե ԲԴԽ-ն ոչինչ չանի, ցրվի՝ հավաստիացնում եմ ձեզ՝ դատարանները կլինեն ավելի անկախ, կգործեն օրենքի դաշտում, քան՝ հիմա»։
Վարոսյանն ասաց, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր աշխատանքով ցույց է տվել, որ երբ դատավորներն իշխանությունների քիմքին ոչ հարիր որոշումներ են կայացնում, ինչ ընթացք են ունենում դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները։
«Դրա համար եմ ասում՝ եթե ԲԴԽ-ն չլինի՝ շատ ավելի լավ կլինի»,- ընդգծեց նա։
Դատական համակարգի թվացյալ անկախությունը, Վարոսյանի գնահատմամբ, իշխանափոխությունից հետո տևեց ընդամենը մի քանի տարի՝ մինչև 2021 թվականի ընտրությունները։
«Դատավորները ևս հավատացել էին հնչող լոզունգներին, թե Հայաստանը դառնում է իրավական, ժողովրդավարական պետություն և այլն, բայց այդ ամենը հիմա ավարտված է, միակ դրական բանն այն է, որ ոչ բոլոր դատավորներն են պատրաստ ցանկացած հրահանգ կատարելու, դրա համար էլ մենք տեսնում ենք դատավորների առանձին խումբ, որոնց անընդհատ հանձնարարություններ են տրվում, հատկապես, քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով»,- նշեց Երվանոդ Վարոսյանը։
Հայաստանի դատական համակարգը, Վարոսյանի համոզմամբ, միայն օրվա իշխանության քաղաքական կամքը կարող է բարեփոխել։
«Դա միշտ է այդպես»,- հավելեց Երվանդ Վարոսյանը։